Հայաստանը հաղորդակցությունների ապաշրջափակման շրջանակում առաջարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, առաջարկներ արել խաղաղության պայմանագրի վերաբերյալ, եւ դա շարունակելու է մնալ մեր օրակարգում։ Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա կրկնել է, որ խաղաղության պայմանագրի, սահմանազատման եւ այլ հարցերում խաղաղության օրակարգը Հայաստանի համար առաջնահերթ է։
«Մենք խաղաղություն չենք խնդրում, մենք առաջարկում ենք բոլոր առկա խնդիրների խաղաղ լուծումներ։ Մենք առաջարկներ ենք ներկայացրել Ադրբեջանին (խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ- խմբ.) եւ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Առաջարկները վերաբերում են երկու հոդվածների, որոնց շուրջ կողմերը դեռ վերջնական համաձայնության չեն եկել։ Մենք հրապարակայնորեն խոսել ենք այդ հոդվածների մասին։ Հույս ունենք, որ լուծումներ կգտնենք»,- նշել է Գրիգորյանը։