Գործադիրը հաստատեց ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարությունը

Հայաստանի կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը, որն ունի 4 ռազմավարական նպատակ:  

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց ռազմավարական նպատակները: 

«Առաջինն ընտանիքի բարեկեցության միջավայրի ստեղծումն է, որտեղ ընտանիքներն ավելի ճկուն են երեխա ունենալու որոշում կայացնելու հարցում: Երկրորդը վաղաժամ մահերի կանխումն է: Այս համատեքստում մեր բոլոր միջազգային փորձագետները և ռազմավարության վրա աշխատող տարբեր խմբեր մեծապես շեշտադրում են առողջապահության ապահովագրական համակարգի ներդրումն ու նաև դրա միջոցով այս նպատակին հասնելը: Հասարակությունները գնում են ծերացման, նաև այս մարտահրավերի առաջ ենք կանգնած մենք: Հետևաբար, որոշել ենք, որ պետք է մեր մյուս ռազմավարական նպատակը լինի ակտիվ ծրագրերի իրականացումը, որը հնարավորություն կտա ավագ սերնդի ներկայացուցիչներին տնտեսության մեջ ավելի շատ արժեք ստեղծել ու ավելի երկար ապրել: Երրորդ նպատակը միգրացիայի կառավարման քաղաքականությունն է՝ մի կողմից արտագաղթի գործոնները նվազեցնելը, մյուս կողմից Հայաստանում այնպիսի միջավայր ստեղծելը, որի դեպքում տարբեր երկրներից ազգությամբ ոչ հայերը կորոշեն տեղափոխվել ու ապրել Հայաստանում։ Չորրորդ ռազմավարական նպատակը սփյուռքի կապիտալի օգտագործումն է»,-ասաց նախարարը:

Ռազմավարության համատեքստում մշակվել է ավելի քան 190 միջոցառում: Առաջիկայում կհաստատեն գործողությունների ծրագիրն ու միջոցառումները, որոնք պետք է օգնեն հասնել ռազմավարական նպատակներին: Ռազմավարության կենտրոնում մարդն է:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց ճշգրտել, թե ռազմավարության համատեքստում բարեկեցություն ասելով ինչ նկատի ունեն։ «Պետք է նկատի ունենանք նաև կենցաղային բարեկեցությունը, որ մարդը պետք է ապրելու նվազագույն պայմաններ ունենա: Բայց բարեկեցության մեջ մտնում է նաև նորմալ տրանսպորտային համակարգ, նորմալ կոմունալ ծառայություններ ունենալը: Բարեկեցության մեջ մտնում է նաև առողջությունն ու առողջապահությունը: Հնարավոր չէ բարեկեցություն պատկերացնել առանց կրթության»,–ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ բավարար չափով ուսումնասիրված չէ արտագաղթի երևույթը: «Մենք պետք է հասկանանք, թե ինչպես և ինչ շեշտադրումներով խոսել ժողովրդագրության մասին մի միջավայրում, որտեղ երկրի բնակչության մի շատ զգալի հատվածի առաջնային խնդիրն է այնպես անել, որ իր տղան չգնա բանակ: Սկսած ընտանիքի պլանավորումից՝ այս երևույթն ազդում է: Ուրիշ խնդիր է, երբ մարդը մտածում է, որ մի տղայի բանակը չգնալը պետք է ապահովի, բոլորովին ուրիշ խնդիր է, երբ մարդը մտածում է, որ պետք է 4 տղայի բանակ չգնալն ապահովի»,-նշեց նա:

Փաշինյանը հարց բարձրացրեց՝ ո՞վ է Բրյուսելում իր հանդարտ կյանքը թողնելու, գա ու ապրի Մովսես գյուղում՝ կրակոցների տակ: «Մենք պետք է առերեսվենք այս խնդիրների հետ: Արդարությունն է ժողովրդագրության անբաժանելի մաս: Մարդը 1, 2, 3, 4, 5 անգամ անարդարության բախվելով՝ ասում է՝ եթե իր երկրում չի կարող իր իրավունքները պաշտպանել, ի՞նչ ունի կապող այս երկրի հետ»,-ասաց վարչապետը:

Նա շեշտեց՝ ժողովրդագրություն ասելով չպետք է կենտրոնան միայն ծննդաբերության հարցի վրա և հարցը միայն այդ տրամաբանությամբ դիտարկեն: «Ժողովրդագրությունը բոլորիս հավաքական  գործունեության մասին է: Եվ մեզնից յուրաքանչյուրի գործունեության որակն է կանխորոշում՝ Հայաստանում ժողովրդագրական բնույթի հարց կլինի՞, թե՞ ոչ: Օրինակ՝ իրական Հայաստանի ռազմավարությունը մենք կկարողանա՞նք իրագործել, թե՞ ոչ, խաղաղության օրակարգը կկարողանա՞նք իրագործել, թե՞ ոչ… »,-ասաց Փաշինյանը՝ դիմելով կառավարության անդամներին:

Նա շեշտեց՝ ժողովրդագրության ֆունդամենտալ հարցը հետևյալն է՝ Հայաստանում բնակվող մարդն այս երկրում ապագա տեսնո՞ւմ է, թե՞ ոչ: «Եթե սոցիալ-հոգեբանական մակարդակում մարդն ապագա չի տեսնում, ինչ ռազմավարություն էլ ընդունենք, որքան էլ փող ծախսենք, ոչինչ չի փոխվի: Մարդը պետք է ֆունդամենտալ առումով տեսնի, որ երկրում կա ապագա, ինքն, իր երեխաները, իր թոռները, ծոռները կարող են այստեղ ապրել, աշխատել, կրթություն ստանալ և այլն»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ բոլոր ռազմավարությունները նրա մասին պետք է լինեն, որ Հայաստանն այն երկիրն է, որի հետ արժե կապել թե՛ սեփական կյանքը, թե՛ սերունդների կյանքը: 

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031