Բանկային համակարգո՞ւմ էլ է «բարդակ» տիրում. Դավիթ Խաժակյան

Բանկային համակարգո՞ւմ էլ է «բարդակ» տիրում: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստացած առևտրային բանկը զանգահարում է քաղաքացուն և տեղեկացնում, որ քաղաքացու անունով բանկը վարկ է ձևակերպել։

Տեղեկացնում է, որ տեղյակ են, որ այդ քաղաքացին չէ՛, որ դիմել է վարկի համար։ Տեղեկացնում է, որ այդ վարկը բանկը ձևակերպել է կեղծ նույնականացման քարտի հիման վրա։ Տեղեկացնում է, որ այդ գումարը բանկը փոխանցել է քաղաքացու հետ կապ չունեցող հաշվեհամարի։

Քաղաքացուն նման զեղծարարության մեջ ներգրավելու համար ներողություն խնդրելու փոխարեն, բանկը առաջարկում է քաղաքացուն հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, այլապես քաղաքացու տվյալները կփոխանցվեն համապատասխան գործակալությանը՝ վարկային պատմությունը փչացնելու հետևանքով։

Այլ կերպ ասած բանկը տեղեկացնում է մարդուն, ով երբևէ իրենց հետ չի առնչվել, թե նա բանկին գումար է պարտք, բայց այդ գումարը ի սկզբանե բանկը փոխանցել է այլ անձի։

Այժմ դիմում եմ ՀՀ Կենտրոնական Բանկին։ Արդյո՞ք լիցենզիա տրամադրելիս նկատել են նման ընթացակարգեր, որոնք հնարավորություն են տալիս բանկին՝ քաղաքացու անունով, առանց իր մասնակցության, կեղծ նույնականացման քարտով վարկ ձևակերպել։

Արդյո՞ք հնարավոր է նման զեղծարարություն իրականացնել առանց բանկի գիտության և ուղիղ ներգրավվածության։

Եվ վերջապես ինչո՞ւ է Հայաստանի իրավապահ համակարգը հասել այս օրին, որ օրը ցերեկով մարդուն կարող են տեղեկացնել, որ իր անձը հաստատող փաստաթուղթը կեղծվել է և այդ կեղծ փաստաթղթի հիման վրա նա այլևս բանկին գումար է պարտք»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031