Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդ երկրների միջոցով, հաղորդում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաղաին։
«Բաղաին հաստատել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ուղերձների փոխանակումը շարունակվում է միջնորդների, այդ թվում՝ Պակիստանի, Օմանի և Կատարի միջոցով, սակայն ընդգծել է, որ երկխոսությունը պահանջում է հուսալի հիմք, որը քանդվել է ԱՄՆ-ի կողմից», — գրում է գործակալությունը, որը մեջբերումներ է բերում Բաղաիի՝ ավստրիական ORF հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցից։
Բաղային մեղադրել է ԱՄՆ-ին նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ և ընդգծել, որ Իրանն իր հերթին կատարել է Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվնաս անցումն ապահովելու բոլոր պարտավորությունները։
Ավելի վաղ կիրակի օրը ամերիկյան CBS հեռուստաալիքը՝ հղում անելով չհիշատակված տարածաշրջանային պաշտոնյաներին, պնդել էր, որ ԱՄՆ-ը կասեցրել է Իրանի դեմ հարվածների շարքը՝ Թեհրանի և Օմանի բանակցություններին չխանգարելու համար։
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հուլիսի 24-ին և 25-ին Թեհրանում մի քանի փուլով երկխոսություն է տեղի ունեցել Իրանի և Օմանի միջև՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով, քննարկվել են Հորմուզի նեղուցում անվնաս նավագնացության կառավարման ընդհանուր սկզբունքներն ու գործնական մեխանիզմները։ Գերատեսչության տվյալներով՝ Իրանը և Օմանը հասել են առաջընթացի Հորմուզի նեղուցում նավագնացության շուրջ երկխոսության հարցում, սակայն ջրային երթուղու հետ կապված իրավիճակը մնում է անփոփոխ։






































