Գյումրու ավագանին ընդունել էր որոշում «Ճերմակ հիվանդանոց» տեղական նշանակության հուշարձան շենքը աճուրդով օտարելու վերաբերյալ։ Tert.am-ի հետ զրույցում Գյումրու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը նշեց, որ հետևողական է լինելու «Ճերմակ հիվանդանոցի» աճուրդի մեկնարկային գնի նկատմամբ։
««Ճերմակ հիվանդանոց»-ը տեղական նշանակության հուշարձան է, Գյումրու ավագանին որոշ ժամանակ առաջ որոշում էր ընդունել օտարելու վերաբերյալ, որին մեր խմբակցությունը, իհարկե դեմ էր քվեարկել։ Նախքան այդ, այն պետք է վարձակալության տրվեր, դրա համար հանրային լսումներ էին հայտարարվել, երեք կազմակերպություններ դիմել էին վարձակալության վերցնելու համար, բայց շենքը չտրամադրվեց նրանց։ Դրանից 6-7 ամիս հետո որոշում կայացվեց աճուրդով օտարել այն։ Ինքս 3 անգամ այս հարցով գրություններ եմ ուղարկել ԿԳՄՍ նախարարություն, այնտեղից, սակայն, պարզաբանեցին, որ քանի շենքը չօտարվող հուշարձանների ցանկում ընդգրկված չէ, հետևաբար օտարելը օրենքի խախտում չէ»,- ասաց Մալխասյանը։
Նա նշեց, որ աճուրդի մեկնարկային գինը սահմանվել 1,100,000,000 դրամը, իսկ աճուրդի օրը սահմանվել էր երեկ՝ մայիսի 15-ին, սակայն ոչ ոք հայտ չի ներկայացրել։
«Մեր մտահոգությունն այն է, որ այս մի քանի ամիսների ընթացքում դեպքեր ենք ունեցել, որ հայտարարվել է աճուրդ, բայց մասնակցություն չի եղել, և դա հիմք է հանդիսացել, որ հետագայում գույքի գինը իջեցվի։ Ենթադրելի էր, որ նույն իրավիճակը կարող է հիմա էլ լինել։ Հետևաբար ես հետևողական եմ լինելու, որ որևէ մեխանիզմներ չկիրառվեն։ Սա մեծ գումար է ու ամեն մեկը չէ, որ կարող է մասնակցել այս աճուրդին, հետևաբար ուշադիր եմ լինելու, որ շենքը էժան գնով գնելու փորձեր չլինեն։ Մենք կողմ ենք և՛ վարձակալությանը, և՛ շենքը համայնքի վերահսկողության տակ պահելուն։ «Ճերմակ հիվանդանոց»-ը գտնվում է քաղաքի կենտրոնում, մենք չունենք պատկերասրահ, այն կարող է ծառայել որպես պատկերասրահ կամ թանգարան»,- ասաց Կարեն Մալխասյանը։
Գյումրու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ ավագանու որոշումը չի բխում համայնքի բարօրությունից և շահից։







































