ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին լքում է իր պաշտոնը, հինգշաբթի հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը՝ այն տեղեկությունների հետնապատկերում, ըստ որոնց ինքը հիասթափված է եղել, որ դատախազը գլուխ չի հանել իր որոշ առացնքային առաջնահերթություններից։
«Մենք սիրում ենք Փեմին, և նա անցնում է մասնավոր հատվածին այդքան անհրաժեշտ և կարևոր նոր աշխատանքի, որի մասին շուտով կհայտարարվի»,- գրել է նա Truth Social-ում։
Թրամփը հայտարարել է, որ գլխավոր դատախազի պաշտոնը ժամանակավորապես կստանձնի վերջինիս տեղակալ Թոդ Բլանշը։
Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան և իրավիճակին ծանոթ աղբյուրը NBC News-ին հայտնել են, որ Բոնդին ազատվել է աշխատանքից։
Ըստ Սպիտակ տան խորհրդակցություններին ծանոթ անձի՝ վերջին օրերին Թրամփն «ավելի ու ավելի է հիասթափվում» Բոնդիից։
Նա նշել է, որ թեև գլխավոր դատախազը որպես անձնավորություն դուր է գալիս իրեն, այդուհանդերձ չի կարծում, որ նա «իր տեսլականը կյանքի է կոչել» այնպես, ինչպես ինքն էր ցանկանում։
Բոնդին ԱՄՆ նախագահի կողմից ազատված կաբինետի երկրորդ անդամն է։ Քրիստի Նոեմը անցյալ ամիս ազատվել է ներքին անվտանգության նախարարի պաշտոնից։ NBC News-ը նշել է, որ Թրամփը գնալով ավելի էր հիասթափվում Նոեմից, սակայն հենց նրա ելույթն էր Կոնգրեսի երկու լսումներում, որը, ի վերջո, նրան զրկեց աշխատանքից։ Թրամփը Բոնդիին, որը վաղեմի հավատարիմ անձնավորություն էր, ընտրեց Արդարադատության նախարարությունը ղեկավարելու համար, երբ Ֆլորիդայի նախկին կոնգրեսական Մեթ Գեթցը հանեց իր թեկնածությունը։
Բոնդին վաղեմի կապեր ունի Թրամփի հետ։ 2016 թվականի Հանրապետական ազգային համագումարի ժամանակ նա միացավ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ուղղված «Բանտարկեք նրան» վանկարկումներին, իսկ ավելի ուշ միացավ Թրամփի պաշտպանական թիմին՝ նրա առաջին իմպիչմենտի դատավարության ժամանակ։







































