Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ ՀԿ-ի նախագահ Ստեփան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Պետությանը հարված՝ եկեղեցում
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածը պարզապես միջադեպ չէ։ Սա փորձ էր հարվածելու Հայաստանի Հանրապետության պետականությանը։
Վարչապետը տվյալ պահին պարզապես մարդ չէ։ Նա պետության խորհրդանիշն է։ Եվ նույնիսկ չհաջողված բռնի գործողությունը նրա նկատմամբ հարված է այդ խորհրդանիշին։
Սակայն ամենամեծ հակասությունը արձագանքների մեջ է։
Տասնամյակներ շարունակ նույն ընդդիմադիր շրջանակները, երբ դեռ իշխանության էին, պետականության կենաց էին խմում՝ ի դեմս նրա խորհրդանիշների՝ դրոշի, զինանշանի, ղեկավարի…
Այսօր նույն մարդիկ փորձում են տեղի ունեցածը ներկայացնել որպես պարզ երիտասարդական քայլ։
Պետականության խորհրդանիշը պայմանական չէ։ Այն չի փոխվում՝ կախված նրանից, թե ով է իշխանության։
Բայց կա մի բան, որն այս ամենից էլ ավելի ծանր է։
Սա տեղի ունեցավ եկեղեցում։
Քրիստոնեությունը սիրո և ներման կրոն է։ Եկեղեցին դարերով եղել է այն վայրը, որտեղ հայը եկել է աղոթքի, խաղաղության և պաշտպանության, նույնիսկ ջարդերից պատսպարվելու։
Եվ այսօր տեսնում ենք, որ քաղաքական ատելությունը հասել է մի կետի, որտեղ նույնիսկ եկեղեցում մենք այլևս չենք պահպանում սահմանը։
Եվ հիմա՝ կոնկրետ համեմատություն։
2024 թվականին ԱՄՆ-ում մի անձ ձերբակալվեց՝ զենքով հայտնաբերվելով Ֆլորիդայում՝ նախագահ Դոնալդ Թրամփի գտնվելու վայրի մոտ՝ Մար-ա-Լագոյի շրջակայքում։
Նա չէր կրակել, նույնիսկ չէր թիրախավորել։ Բայց միայն այդ փաստը բավարար էր, որպեսզի նա ձերբակալվի և կանգնի դատարանի առաջ՝ ծայրահեղ ծանր մեղադրանքներով։
Որովհետև նման դեպքերը դիտարկվում են ոչ թե որպես «միջադեպ», այլ որպես հարձակում պետականության վրա։
Եզրակացություն
Եթե մենք սկսում ենք արդարացնել բռնի գործողությունը պետության խորհրդանիշի նկատմամբ, և այն էլ՝ եկեղեցում, ապա խնդիրը արդեն մեկ անձը չէ։
Խնդիրը այն է, որ մենք, որպես հասարակություն, կորցնում ենք մեր սահմանները և, գիտակցաբար թե ոչ, խրախուսում նման հարվածներ պետությանը։






































