Բազմաթիվ անգամ առիթ եմ ունեցել նման զառանցանքներին պատասխանելու, ես առաջին հերթին կոչ կանեի մեր հասարակությանը, մեր զոհված նվիրյալների հարազատներին, այն անձանց, որոնք ներդրում ունեն Արցախյան գոյամարտի մեջ, չտրվել նման սադրանքների, որովհետև նման խոսույթները ունեն մեկ նպատակ՝ պառակտել և անհանդուրժողականություն սերմանել մեր հասարակության մեջ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 2–ին, ապրիլյան քառօրյա պատերազմի 10–րդ տարելիցի օրը, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահյրամանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե արցախցիները չեն կռվել, փախել են, ճողոպրել են։
«Սա գլոբալ մեծ ծրագրի մի մասն է կազմում։ Ինչ վերաբերվում է նրան, որ արցախցիները փախան, ճողոպրեցին, ուզում եմ նման խոսույթ տարածող անձանց, հիշեցնել, որ եթե դա վերաբերում է 2020 թվականի պատերազմին, իրենք են եղել քաղաքական և դիվանագիտական առաջնագծում և հենց իրենց գործողությունների պատճառով է, որ այսօր արցախցիները հայտնվել են նման իրավիճակում և հայ ժողովուրդը կորցրել է Արցախը և օկուպացված են այսօր Հայաստանի Հանրապետության զգալի տարածքներ։ Այսօր Ադրբեջանը ներկայացնում է պահանջներ, որ Հայաստանի իշխանությունները ստիպված կատարում են։ Մնացած գնահատականը ես թողնում եմ մեր հասարակությանը«– ասաց նա։
Անդրադառնալով իշխանությունների պնդումներին, որ Արցախ վերադարձի մասին խոսելը ուղիղ պատերազմ է նշանակում, Շահրամանյանն ասաց. «Մենք միշտ ասել ենք, որ Հայաստանի անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է։ Իհարկե մենք այսօր հասկանում ենք նաև Հայաստանի Հանրապետության իրավիճակը, այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, և մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի վնաս չհասցնենք Հայաստանի անվտանգությանը, այդ թվում նաև ռազմական գործողությունների վերսկսման առիթ չդառնանք։ Բայց մենք բարձրաձայնում ենք միջազգային իրավունքով նախատեսված մեր իրավունքները և փորձում ենք տարբեր հարթակներում մեր հետ վերադարձի իրավունքը պահել օրակարգում, որը նաև միջազգային իրավունքի հարց է»։







































