Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախօրեին Դոնալդ Թրամփը կանգնած է մի որոշման առջեւ, որը շատ ավելի «հեռուն է գնում», քան պարզապես պատմական ձեւականությունը, գրել է Washington Times-ը։
Իրանի հետ սրվող հակամարտության եւ Մերձավոր Արեւելքում անկայունության ֆոնին վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության մասին ամենամյա հայտարարությունը, որն ավանդաբար հիշատակի պաշտոնական ակտ է, դարձել է ԱՄՆ բարոյական առաջնորդության եւ ռազմավարական հեղինակության լուրջ փորձություն։
Տասնամյակներ շարունակ հայ-ամերիկյան համայնքը ճնշում է գործադրել Սպիտակ տան վրա՝ մի պարզ քայլ կատարելու համար. պաշտոնապես ճանաչել 1915թ․ Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի համակարգված ոչնչացումը որպես ցեղասպանություն։
Թուրքիայի կառավարությունը շարունակում է ժխտել այն։ Չնայած Կոնգրեսը ճանաչել է ցեղասպանությունը 2019թ․, իսկ նախագահի պաշտոնական ճանաչումը տրվել է 2021թ․, ներկա վարչակազմը վերջին մեկ տարվա ընթացքում նահանջել է՝ օգտագործելով «մեծ ողբերգություն» եւ «պատմական աղետ» անորոշ տերմինները համաշխարհային պատմության այս մութ գլուխը նկարագրելու համար։
Այս հռետորական նահանջը այլեւս միայն լոկալ հիասթափություն չէ հայկական սփյուռքի համար։ Այն խնդիր է դարձել անկայուն եւ ոչ ժողովրդական պատերազմի մեջ ներքաշված երկրի համար։
Իրանի հետ հակամարտության ֆոնին՝ վարչակազմի գործողությունները գտնվում են ինտենսիվ միջազգային ուշադրության կենտրոնում։ Հարվածների համաչափության վերաբերյալ բանավեճերի ֆոնին, այդ թվում՝ իրանական դպրոցի վրա հարձակման, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 100 երեխա, Միացյալ Նահանգները պայքարում է երկու ճակատով՝ մեկը մարտադաշտում, մյուսը՝ բարոյական գերազանցության համար։
ԱՄՆ առաջնորդները հաճախ դիմում են միջազգային նորմերին եւ մարդու իրավունքներին՝ ռազմական գործողություններն արդարացնելու համար։ Սակայն այս փաստարկները դատարկ են հնչում, երբ նույն սկզբունքները չեն կիրառվում պատմության ակնհայտ եւ վավերագրված փաստերի նկատմամբ։
Էլ ավելի կարեւոր է, որ նախագահի որոշումն այս ուրբաթ ցույց կտա, թե որքանով է նրա վարչակազմը հանձնառու Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելուն, որը դարձել է Թրամփի արտաքին քաղաքականության հռետորաբանության հիմնական մասը։
Երկարատեւ խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական ժխտման կամ ռազմավարական լռության հիման վրա: Հրաժարվելով «ցեղասպանություն» բառն օգտագործելուց՝ Միացյալ Նահանգները, ըստ էության, ազդանշան է ուղարկում տարածաշրջանային ագրեսիվ խաղացողներին, որ պատմական վերանայումը ընդունելի է ժամանակակից դիվանագիտության մեջ: Սա ամրապնդում է նրանց դիրքը, ովքեր Հայաստանի ինքնիշխանությունը համարում են գործարքի առարկա, այլ ոչ թե կարմիր գիծ:
Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես է 1915թ․ իրադարձությունների մասին լռությունը ստեղծում վակուում, որը լցվում է ժամանակակից սպառնալիքներով: Դրա պատճառներից մեկն այն էր, որ Ադրբեջանը կարողացավ էթնիկ զտում իրականացնել ավելի քան 120 հազար հայերի իրենց պատմական հայրենիքից՝ Լեռնային Ղարաբաղից, 2023թ․ վտարելով: Սա հայերի ամենամեծ հարկադիր տեղահանումն էր Հայոց ցեղասպանությունից ի վեր:
Եթե Թրամփը ցանկանում է դառնալ տարածաշրջանային կայունության վերաբերյալ նոր համաձայնագրի ճարտարապետը, նա նախ պետք է ճանաչի այն հիմնարար հանցագործությունը, որը դեռեւս ազդում է տարածաշրջանի վրա:
Ճանաչումը վստահության արժույթն է: Եթե նախագահն ակնկալում է, որ միջազգային հանրությունը վստահի Ամերիկայի դիրքորոշմանը Մերձավոր Արեւելքում արդարության եւ կայունության հարցում պատերազմից հետո, նա չի կարող միաժամանակ զիջել արտաքին ճնշմանն անցյալի հանցագործությունների հարցում:
Չնայած իր «Ամերիկան առաջինը» հռետորաբանությանը եւ Վաշինգտոնի իսթեբլիշմենթին մարտահրավեր նետելու համբավին՝ Թրամփը դարձել է եւս մեկ առաջնորդ, որը թույլ է տվել օտարերկրյա մայրաքաղաքներին արդյունավետորեն թելադրել մարդու իրավունքների ամերիկյան քաղաքականությունը՝ հակառակ իր հռչակած ինքնիշխանության սկզբունքի։
Որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռ՝ հեղինակն ընդգծում է. իր ընտանիքի համար սա տերմինաբանության հարց չէ։ Հարց է, թե արդյոք Ամերիկան ունի բարոյական պարզություն եւ ուժ՝ չարիքն իր անունով կոչելու համար։
Թրամփը հնարավորություն ունի հաղթահարելու հեղինակության այս ճգնաժամը։ «Ցեղասպանություն» բառն օգտագործելով՝ նա կարող է ապացուցել, որ իր վարչակազմի հանձնառությունը միջազգային կարգին հիմնված է ոչ թե հարմարության, այլ համոզմունքի վրա։






































