Որտե՞ղ կամ ինչպես է ձևավորվո՞ւմ այն մարդու կյանքը, ով ամեն բան անում է հասնելու իր ճանապարհի կատարելությանը՝ մասնագիտության մեջ, ընկերության մեջ, իր երկրի պատասխանատու քաղաքացի լինելու մեջ … և այսպես կարելի է երկար թվարկել: Անսահման ոգեշնչող է մարդը, ով երբե՛ք չի շեղվում արդար ուղուց, իսկ իր անցած ճանապարհով թողնում է մնայուն արժեքներ:
Հայկական ակնաբուժության պատմության մեջ լուսավոր հետք թողած բժիշկ Ալեքսանդր Մալայանը սերում է հայտնի ակնաբանների տոհմից: Հորեղբայրը՝ Արտաշես Մալայանը Թիֆլիսում հայտնի ակնաբույժ էր, հայրը՝ Սերգեյ Մալայանը խորհրդային Հայաստանի գլխավոր ակնաբանը: Օրինակ ծառայող, ոգևորության աղբյուր հանդիսացող ավագները ձևավորել էին մեծ հետաքրքրություն դեպի բժշկությունը, սակայն բարձրակարգ մասնագետ դառնալու համար Մալայանը նվիրվեց ամբողջությամբ և անմնացորդ:
Ալեքսանդր Մալայանը կոչումով էր բժիշկ, իսկ եթե լիներ օրինակ ճարտարապետ կամ միջազգայնագետ, ապա, միևնույն է, կլիներ ինչպես սովորեցնում էր իր սաներին՝ պատասխանատու ամեն քայլի համար:
Մարդն ամբողջ կյանքը, ժամանակը նվիրեց այն գործին, որ ընտրել էր և ապրում էր ուրիշներին գուցե ամենակարևորը տալով՝ աչքի լույսը: Մալայանը աշխատել և ղեկավարել է Հայաստանի համար ամենադժվար ժամանակներում՝ երկրաշարժ, Արցախյան առաջին պատերազմ…: Հոր անունը կրող ակնաբուժության կլինիկայում ստեղծեց ամուր և արագ զարգացող հիմքեր, որն առ այսօր տարածաշրջանի լավագույններից է:
Առաջին անգամ Հայաստանում ներդրեց և գործարկեց աչքի բուժման հիմնային մեթոդներ, որոնց վրա հիմա հիմնվում է ժամանակակից ակնաբուժությունը: Հայաստանում առաջին անգամ կլինիկական պրակտիկայում նա՛ ներդրեց տեսողության վերականգնման միկրովիրաբուժական հիմնային մեթոդները՝ կատարակտայի հեռացումը արհեստական ոսպնյակի տեղադրմամբ, կատարակտայի հեռացումը ուլտրաձային մեթոդով, եղջերաթաղանթի փոխպատվաստումը, վիտրեկտոմիա և այլն:
Նրա անմնացորդ նվիրումի, կամքի և անշահախնդիր մոտեցման շնորհիվ՝ գործարկվեց «Լույս հայի աչքերին հայկական նախագիծը», որը բարեգործական ակնաբուժական բուժօգնության ընդայնված, բազմակողմանի հագեցած ծրագիր է՝ ժամանակակից տենդենցներով:
Ալեքսանդր Մալայանը բացի վիրտուոզ վիրաբույժ լինելուց և ակնաբուժության նորարար մեթոդները հիմնադրելուց՝ հիմնել և թողել է դպրոց, պրոֆեսիոնալ մասնագետների թիմ: Նրանք շարունակում են ուսուցչի գործը: Իր թողած ժառանգությունը և ավանդը դեռ երկար տարիներ կծառայի մեր ժողովրդին:
Երկիր մոլորակն ամեն անգամ նոր օր է տեսնում, մի նոր արշալույս, մի նոր մայրամուտ, մի նոր գիշեր ու այդպես հազարամյակներ…Որքա՜ն հրաշքեր կան այս մոլորակում, որքան չբացահայտված, իսկ բնության հրաշքների կողքին անվիճելի, անվերջ զարմացնող է մարդը՝ բնության արտասովոր մասնիկը: Մենք գալիս ու գնում ենք՝ մեկը տալով կամ տասն առնելով և երանի նրանց, որ իրենց տվածով ու ստեղծածով ավելացնում են բարին՝ այս անհուն աշխարհի: Այդպիսին էր ՀՀ վաստակաոր բժիշկ, պրոֆեսոր, ուսուցիչ Ալեքսանդր Սերգեյի Մալայանը….
Ալեքսանդր Մալայանը:
1984-2018 ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ:
1984-1988թթ. Հայաստանում առաջին անգամ կլինիկական պրակտիկայում ներդրել է տեսողության վերականգնման միկրովիրաբուժական հիմնային մեթոդները՝ կատարակտայի հեռացում արհեստական ոսպնյակի տեղադրմամբ, կատարակտայի հեռացումը ուլտրաձային մեթոդով-Ֆակոէմուլսիֆիկացիա, ներթափանցող եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա), վիտրեկտոմիա:
1992-2022 թթ. ԵՊԲՀ «Աչքի հիվանդություններ» ամբիոնի վարիչ:
1996 թվականից՝ Հայ-ամերիկյան մարդասիրական ծրագրի բժշկական տնօրեն է:
1992-ից մինչև 2020 թվականը Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր տնօրեն։
2012-2021թթ. նախագահել է Հայաստանի ակնաբույժների ասոցիացիան:
2006-ին պարգևատրվել է Մխիթար Հերացու անվան ոսկե մեդալով:
2012-ին պարգևատրվել է «Հանուն խաղաղ Կովկասի» անվան ոսկե մեդալով:
2015 – ին շնորհվել է ՀՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում:
150-ից ավել գիտական աշխատությունների, 10 ռացիոնալիզատորական առաջարկությունների, 4 դասագրքերի, ինչպես նաև հայերեն լեզվով ակնաբուժության դասագրքի՝ «Անհետաձգելի ակնաբուժական օգնություն» հեղինակ:
«Ռազմադաշտային ակնաբուժություն», «Նեյրոօթալմոլգիա», «Comprehensive Eye examination» ուսումնական ձեռնարկների համահեղինակ:
Հեղինակել է 5 մեթոդական հանձնարարականներ և 1 մենագրություն՝ «Տեսողական օրգանի վնասվածքները երկրային աղետների ժամանակ» թեմայով:
Ա.Մալայանի անմիջական ղեկավարությամբ պաշտպանվել են դոկտորական 4 աշխատանք և թեկնածուական 11 թեզ:






































