ՊԵԿ աշխատակիցների շրջանում նախաձեռնվել է 103 ծառայողական քննություն. կան աշխատանքից ազատվածներ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի ընթացքում, իր լիազորությունների շրջանակում, շարունակում է հետևողական և անզիջում պայքարը կոռուպցիայի դեմ։ Մասնավորապես, Կոմիտեի աշխատակիցների մասնակցությամբ կոռուպցիոն միջադեպերը կանխարգելելու և բացառելու նպատակով՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության կողմից տարվա ընթացքում իրականացվել են մի շարք նպատակային միջոցառումներ։

Կոռուպցիոն մեխանիզմների կանխարգելմանն ուղղված գործողությունների արդյունքում վարչության կողմից ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել 20 հաղորդում, իսկ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ ԱԱԾ և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե ներկայացվել է 8 գրություն։ Բացի այդ, ՊԵԿ աշխատակիցների շրջանում նախաձեռնվել է 103 ծառայողական քննություն, որից 78-ն ավարտվել է կարգապահական պատասխանատվությամբ։ Մասնավորապես, կիրառվել են նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն, ընդհուպ մինչև՝ ծառայության դադարեցում։ Ի դեպ, այս պահին 20 հաղորդումներով իրականացվում է նախաքննություն։

2025 թվականի ընթացքում շուրջ 230 տեղեկանք է ուղարկվել ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչություն և Հետաքննության ու օպերատիվ հետախուզության վարչություն, որոնց մասով իրականացվել է վարչարարություն։

Հարկ ենք համարում նշել, որ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության կողմից 2025 թվականի ընթացքում ՀՀ դատախազություն ուղարկված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդումների թիվն աննախադեպ է եղել վարչության ստեղծման օրվանից ի վեր։ Այս հանգամանքը ևս մեկ անգամ վկայում է, որ Ներքին անվտանգության վարչությունը ոչ միայն իրականացնում է առերևույթ հանցագործությունների հայտնաբերման և կանխմանն ուղղված աշխատանքներ, այլև հետևողականորեն ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ փաստական տվյալների հավաքագրման և առերևույթ հանցանքի մասին իրավասու մարմիններին հաղորդում ներկայացնելու ուղղությամբ։

Կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը հաշվի առնելով՝ 2025 թվականի ընթացքում ՊԵԿ ներքին անվտանգության վարչության կողմից նախաձեռնվել և իրականացվել են տեխնոլոգիական բազմաթիվ բարեփոխումներ՝ ուղղված վերահսկողական մեխանիզմների կատարելագործմանը, տեղեկատվական անվտանգության բարձրացմանն ու ներքին կարգապահության ամրապնդմանը։ Մասնավորապես, ընթացիկ տարում արդիականացվել և հզորացվել է ՊԵԿ-ում առկա տեսահսկման համակարգը, իսկ 2026 թվականից, արհեստական բանականության (AI) վերլուծիչների ինտեգրման արդյունքում, Կոմիտեն կունենա առավել արդյունավետ տեսահսկման և վերլուծական հնարավորություններ։

Պետական եկամուտների կոմիտեն համակարգային քայլերով շարունակելու է օրինականության ապահովմանը, թափանցիկության բարձրացմանն ու հանրային վստահության ամրապնդմանն ուղղված աշխատանքները։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031