Մոսկվայում բարձրաստիճան զինվորականի տեղափոխող մեքենա է պայթել

Դեկտեմբերի 22-ի վաղ առավոտյան Մոսկվայի հարավում գտնվող շենքերից մեկի բակում մարդատար ավտոմեքենա է պայթել, հայտնել են «TASS»-ի օպերատիվ ծառայություններից: Միջադեպը տեղի է ունեցել Յասենևայա փողոցի թիվ 12 տան մոտակայքում: Պայթյունը որոտացել է այն բանից հետո, երբ Kia Sorento մակնիշի մեքենայի ղեկին է նստել վարորդը: «Baza»-ի տվյալներով՝ նա հասցրել է մի քանի մետր առաջ ընթանալ, մինչև մեքենայի պայթելը: Պայթյունի հետևանքով տղամարդը չի կարողացել դուրս գալ մեքենայից: Փրկարարներին հաջողվել է դուրս բերել նրան, ինչից հետո նա հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում՝ ոտքերի բեկորային վնասվածքներով և դիմային ոսկրի կոտրվածքով: Պայթյունի պատճառը պաշտոնապես դեռ չի նշվում: Ինչպես գրում է «Shot»-ը, վարկածներից մեկի համաձայն՝ մեքենայի տակ ինքնաշեն պայթուցիկ սարք է տեղադրված եղել:

«Մոսկովսկի կոմսոմոլյեց»-ի տվյալներով՝ տուժածը 56-ամյա տղամարդ է՝ Ֆանիլ Ս. անունով։ «ՎՉԿ-ՕԳՊՈւ»-ի աղբյուրները հստակեցրել են, որ խոսքը գեներալ-մայոր, ՌԴ Զինված ուժերի օպերատիվ պատրաստության վարչության պետ Ֆանիլ Սարվարովի մասին է։ «Դոժդ» հեռուստաալիքը հաստատել է, որ 2013 թվականի արտադրության Kia Sorento-ն գրանցված է զինվորականի անունով։ Տվյալների բազաների արտահոսքի համաձայն՝ Սարվարովը 2023 թվականից Մոսկվայի Յասենևայա փողոցում (որտեղ տեղի է ունեցել պայթյունը) բնակարանի քառորդ մասի սեփականատեր է։ Հայտնի է, որ գեներալ-մայոր Սարվարովը 1992-ից 2003 թվականների ընթացքում շուրջ վեց տարի մասնակցել է Չեչնիայի մարտական գործողություններին և օսա-ինգուշական հակամարտությանը: 2015–2016 թվականներին նա մասնակցել է նաև Սիրիայում իրականացված գործողություններին։

Պայթյունի համար ՌԴ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ, սակայն չի հստակեցվում, թե հատկապես որ հոդվածով: Մոսկվայի դատախազությունից հայտնել են, որ դեպքի վայրում իրավապահ մարմինների աշխատանքը համակարգում է Հարավային վարչական շրջանի դատախազ Դմիտրի Տկաչյովը:

Սա ամսվա սկզբից ի վեր ավտոմեքենայի պայթեցման արդեն երկրորդ դեպքն է: Դեկտեմբերի 1-ին Նոր Մոսկվայի բնակելի շենքերից մեկի բակում պայթել է Land Cruiser 200 Prado մակնիշի մեքենա, որը պատկանել է 41-ամյա ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, քվանտային էլեկտրոնիկայի ոլորտի մասնագետին: Վերջինս աշխատում է Ստելմախի անվան «Պոլյուս» գիտահետազոտական ինստիտուտում, որը մտնում է «Ռոստեխ»-ի կազմի մեջ և զբաղվում է լազերային հեռաչափերի ու բարձր ճշգրտության զենքերի (այդ թվում՝ հրթիռների) համար թիրախավորման սարքերի մշակմամբ: Գիտնականը չէր տուժել:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031