Արման Ծառուկյանը ռևանշ-մենամարտ կանցկացնի Ջորջիո Պուլասի հետ

UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար մարտիկ Արման Ծառուկյանը գրեփլինգի կանոններով ռևանշ-մենամարտ կանցկացնի Ջորջիո Պուլասի հետ։ Այս գոտեմարտը կկայանա RAF 6 մրցաշարում նրանց միջև գրանցված սկանդալային միջադեպից ընդամենը մի քանի օր անց։

Մենամարտը նշանակված է մարտի 11-ին և տեղի կունենա Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Hype FC մրցաշարի շրջանակում։ Այն կտևի 10 րոպե և կանցկացվի հաղթանակ միայն ցավեցնող կամ խեղդող հնարքով ձևաչափով։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ օրը կայացած RAF 6 մրցաշարի եռառաունդ մենամարտում Ծառուկյանը մրցավարների որոշմամբ հաղթել էր Պուլասին։ Սակայն հանդիպման ավարտից անմիջապես հետո հայ մարտիկը տապալել էր մրցակցին և հարվածել նրան, ինչն էլ վերածվել էր զանգվածային քաշքշուկի ու ծեծկռտուքի։

Նշենք նաև, որ սա Ծառուկյանի համար հերթական արտամրցաշարային ելույթն է։ Օրերս մարտիկը հայտարարել էր, որ UFC-ի ղեկավարության հետ ունեցած հանդիպումն իրեն հիմք է տալիս ենթադրելու, որ արդեն 2026 թվականին թեթև քաշային կարգում տիտղոսային մենամարտի հնարավորություն կստանա։ Որպես այլընտրանք՝ Ծառուկյանը կարող է BMF տիտղոսի համար մրցել Մաքս Հոլոուեյ — Չարլզ Օլիվեյրա մենամարտի հաղթողի հետ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031