Մարտի 3-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Գենդերային հավասարությունը որպես ժողովրդավար ընտրությունների հիմնասյուն» խորագրով աշխատաժողովին։
Ողջունելով ներկաներին և կարևորելով աշխատաժողովի անցկացումը համապետական ընտրություններին ընդառաջ՝ Պաշտպանը նշել է, որ քննարկումը կարևոր հնարավորություն է ընձեռում բարձրաձայնելու ընտրական գործընթացում ներառական և գենդերային հավասարության երաշխավորման հարցերը, որոնք առանցքային նշանակություն ունեն ընտրական գործընթացների պատշաճ կազմակերպման առումով։
Պաշտպանն ընդգծել է, որ թեև հանրապետությունում վերջին տարիներին արձանագրվել են դրական և էական զարգացումներ, մասնավորապես՝ Ազգային ժողովում և այլ մարմիններում կանանց ներգրավվածության մակարդակի աճ, այնուամենայնիվ այս համատեքստում դեռևս պահպանվում են մի շարք խնդիրներ, որոնք պահանջում են հետևողական և համակարգային մոտեցում։
Անդրադառնալով ընտրվելու իրավունքի իրացմանը՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ շարունակում են պահպանվել կանանց հանրային կյանքում ներգրավմանը խոչընդոտող նախապաշարմունքներն ու կարծրատիպերը, հատկապես՝ մարզային և գյուղական համայնքներում։ Պաշտպանի համոզմամբ՝ այդ կարծրատիպերի հաղթահարումը պահանջում է շարունակական համատեղ քայլեր։
«Հատկապես մարզային բնակավայրերում դեռևս գերիշխում է այն մոտեցումը, ըստ որի՝ կինը հիմնականում պետք է զբաղվի «տնային գործերով», երեխաների դաստիարակությամբ և «ընտանեկան պարտականություններով»։ Սոցիալական դերերի այսպիսի ընկալումները շարունակում են լուրջ խնդիր մնալ հանրային կյանքում կանանց ներգրավվածության ապահովման տեսանկյունից», – նշել է Անահիտ Մանասյանը։
Գենդերային հավասարության և կանանց իրավունքների ոլորտում առկա մարտահրավերների համատեքստում Պաշտպանը ներկայացրել է նաև իր հանրային գործունեության ընթացքում հանդիպող խնդիրները՝ ընդգծելով որպես կին թիրախավորման լայն տարածում ունեցող դեպքերը հանրային և մեդիա դաշտում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում։ Անահիտ Մանասյանի խոսքով նման երևույթները շատ կանանց հետ են պահում քաղաքական և հանրային գործընթացներին մասնակցելուց։
Պաշտպանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել նաև կրկնակի խոցելիության իրավիճակում գտնվող կանանց խմբերին։ Մասնավորապես՝ ազգային փոքրամասնությունների համայնքներում կանանց մասնակցությունը ընտրական գործընթացներին շարունակում է մնալ խիստ սահմանափակ։ Որպես օրինակ՝ Պաշտպանը նշել է եզդիական համայնքում կանանց ներգրավվածության ցածր մակարդակը։
Անահիտ Մանասյանը կարևորել է նաև հաշմանդամություն ունեցող կանանց մասնակցության ընդլայնումը ընտրական գործընթացներին՝ ընդգծելով, որ այստեղ անհրաժեշտ է առանձնահատուկ և թիրախային ուշադրություն՝ ինչպես ընտրելու, այնպես էլ՝ ընտրվելու իրավունքի իրացման տեսանկյունից։
Պաշտպանը հատուկ անդրադարձել է նաև ընտրական գործընթացներում կանանց հետ կապված հարցերի ոչ զգայուն օգտագործմանն ու քաղաքական նպատակներով գործիքայնացմանը, դա համարելով համակարգային լուրջ խնդիր։ «Հաճախ քաղաքական դերակատարները չեն գիտակցում, որ օգտագործում են խնդրահարույց խոսույթ և թիրախավորում են կանանց։ Սրան նպաստում են զանգվածային լրատվության որոշ միջոցներ և մասնագիտական համայնքի ներկայացուցիչներ, որոնք խորացնում են այդ երևույթը՝ նպաստելով նման խոսույթի տարածմանը»։
Պաշտպանը շեշտել է, որ անհրաժեշտ է համախմբված և համակարգված աշխատանք բոլոր դերակատարների կողմից՝ այդ թվում` կրթական ոլորտում և մասնագիտական համայնքներում՝ ձևավորելու գենդերազգայուն և պատասխանատու մոտեցումներ։
Ամփոփելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործընկերներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և պետական մարմիններին՝ հարցը հանրային օրակարգում պահելու և խնդիրների հասցեագրման ուղղությամբ ջանքերի համար։
Աշխատաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկմանը մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Վարագյանը։
Աշխատաժողովը կազմակերպվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից` Հայաստանում ՄԱԶԾ «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման նպատակով» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության, Գերմանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի կառավարությունների կողմից և իրականացվում է Միջազգային IDEA հիմնադրամի հետ համատեղ՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործընկերությամբ։






































