Քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։ Այս մասին հայտնեցին ՔԿ–ից՝ անդրադառնալով Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի ձերբակալությանը։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Ավելի վաղ, նախօրեին իրավապահները դատարանի թույլտվությամբ խուզարկություններ են իրականացրել Մալաթիայում հայտնի ոսկու շուկայի տնօրեն Զոհրաբ Ասատրյանի բնակության և աշխատանքի վայրում։
Ըստ Shamshyan.com–ի, կատարված խուզարկությունների ընթացքում Զ․ Ասատրյանի աշխատասենյակում հայտնաբերվել է ընդհանուր 0.31 գ. սպիտակ բյուրեղանման զանգված, «Զիփ» փաթեթ՝ լցված 1.08 գ. քաշով սպիտակ փոշենման զանգված և ապակյա գլանակ՝ սպիտակ հետքերով։ Զ․ Ասատրյանի բնակության վայր՝ Կուրղինյան փողոցի սեփական տան խուզարկությամբ հայտնաբերվել է առանց գործարանային համարի «Մակարով» տիպի ատրճանակ, 2 պահունակ, 9 մմ տ/չ 36 հատ փամփուշտ և 1 հատ 7․62 մմ տ/չ փամփուշտ, կողային համարը մաքրված «ՏՏ» տիպի ատրճանակ՝ պահեստատուփում առկա 2 փամփուշտով, օդամղիչ ատրճանակ, 2 տարա, որոնց մեջ առկա են եղել մանր արծաթագույն փամփուշտներ, թուր՝ պատյանով, 6 կաթոցիչ, 10 հատ մոխրացած հետքերով կաթուցիչ, «Տրամադոլ» գրառմամբ 16 դեղահաբ, 2 արկղ՝ դեղնականաչավուն զանգվածով, տուփով՝ դեղահաբերով, 6 գլանակ՝ որոնց թափանցիկ հատվածներից տեսանելի է հեղուկանման զանգված և «TH» գրառմամբ դեղահաբ, փաթեթ՝ 1․26 գ. դեղնականաչավուն զանգվածով, տարրա՝ խոտանման հետքերով, ապակե գլանակ՝ մոխրացած հետքերով, 2 փաթեթ՝ դեղնականաչավուն հետքերով։
Զ․ Ասատրյանին իրավապահները հայտնաբերել են նույն օրը Վանթյան 61 հասցեում, որտեղից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու և ապօրինի զենք զինամթերք պահելու կրելու անմիջական ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։
Ավտոքարշակներով ոստիկանության Մալաթիայի բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել Զ․ Ասատրյանի «Range Rover» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Նշենք, որ Ասատրյանը Ազգային ժողովի նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, «Լեդի Հակոբ» մականվամբ Հակոբ Հակոբյանի մոտ ազգականն է։






































