Skip to main content

Շանտաժի, ապօրինի վարույթների և շինծու հետապնդումների լեզվով մեզ հետ խոսելն ապարդյուն է. «Հայաստան» դաշինք

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները լեգիտիմությունը կորցրած, սեփական իշխանությունը բացառապես ապօրինություններով պահող վարչախմբի հերթական ցինիկ դրսևորումներն են: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Սա իրավական գործընթաց չէ. սա պետական ապարատի բացահայտ ծառայեցումն է մեկ անձի քաղաքական վախերին ու վրեժխնդրությանը: Խորհրդարանական ամբիոնից հնչող սպառնալիքներին անմիջապես հաջորդող ուժային արշավները փաստում են մեկ բան՝ իշխող վարչախումբը, ընդունելով արտաքին բոլոր պարտադրանքները, որդեգրել է ընդդիմությանը մեկուսացնելու դիմադրության բոլոր հնարավոր օջախները ոչնչացնելու քաղաքականություն։ Սեփական ընտրազանգվածի համար էժանագին տեսարաններ բեմադրելով՝ գործող իշխանությունը փորձում է նաև խորացնել հասարակության մեջ առկա վախի մթնոլորտը:

«Հայաստան» դաշինքը հայտարարում է՝

● Շանտաժի, ապօրինի վարույթների և շինծու հետապնդումների լեզվով մեզ հետ խոսելն ապարդյուն է:

● Ո՛չ Նախագահ Քոչարյանին, ո՛չ նրա ընտանիքին և ո՛չ էլ մեր քաղաքական թիմին հնարավոր չէ ընկճել կամ պարտադրել հաշտվել ստեղծված իրավիճակի հետ:

Մենք շարունակելու ենք մեր պայքարը և գործադրելու ենք բոլոր ջանքերը՝ Հայաստանին պարտադրվող նոր զիջումները դիմագրավելու համար։

Որևէ բռնապետություն հավերժ չէ, և ապօրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն, իսկ Ռոբերտ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։

Բացի այդ, վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը:

Քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, տնօրենների բնակարաններում։ Այս ընկերություններում Քոչարյան ընտանիքը բաժնեմասեր ունի։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31