«Այս իշխանությունների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ տարիներ շարունակվող հետապնդումները ես չեմ դիտարկում որպես սովորական քաղաքական պայքար։ Սա անձնական ատելության, քաղաքական հաշվեհարդարի և, իմ համոզմամբ, Բաքվից թելադրվող օրակարգերի վառ դրսևորում է»,- գրել է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա նշել է. «Երկու նախագահներն էլ պատմության մեջ կմնան որպես Արցախը ազատագրած, հայկական բանակը կառուցած ու հզորացրած և բանակցային գործընթացում Հայաստանի ու Արցախի պետական շահը պաշտպանած առաջնորդներ։
Եվ հենց այստեղ է իշխանության այսօրվա վարքագծի ամենամեծ հակադրությունը։
Նրանց իշխանության տարիների արդյունքը՝ պատերազմ, պարտություն, Արցախի հայաթափում, կապիտուլյացիա, ազգային արժեհամակարգի թիրախավորում և սեփական քաղաքական պատասխանատվությունից խուսափելու անվերջ փորձեր։
Ու հիմա՝ արդեն ութերորդ տարին, իշխանությունը շարունակում է իր ինքնահաստատումը կառուցել նախագահների, նրանց ընտանիքների և մերձավորների նկատմամբ հետապնդումների վրա։
Բայց սա արդեն միայն երկու մարդկանց դեմ պայքար չէ։
Սա պայքար է պատմության գնահատականի դեմ։
Այսօր Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պայքարում են։ Եվ այո՛, սա պատերազմ է՝ ոչ միայն իրավական կամ քաղաքական, այլ նաև պատմական։
Որովհետև նրանք, անկախ այսօրվա քաղաքական գնահատականներից, պատմության մեջ մնալու են որպես հաղթանակած Հայաստանի և հաղթանակած Արցախի առաջնորդներ։
Իսկ այն իշխանությունը, որը ութ տարի շարունակ փորձում է սեփական ձախողումները ծածկել նախորդների դեմ հաշվեհարդարով, պատմությունը չի փրկելու։
Պատմությունը հիշելու է՝ ով ազատագրեց, ով կառուցեց ու հզորացրեց բանակը, ով բանակցեց պետական շահից ելնելով, և ով բերեց կապիտուլյացիայի։
Եվ պատմության մեջ յուրաքանչյուրն իր արածը նկարագրող անունով է մնալու»։






































