ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար զենքի մատակարարման խոշոր կենտրոն կբացի Ռումինիայում

2026 թվականի հունվարին Ռումինիայում կսկսի ուկրաինական բանակին զենքի մատակարարման խոշոր կենտրոն գործել, այս մասին DefenseRomania-ին հայտնել է Ուկրաինային անվտանգության աջակցության ՆԱՏՕ-ի խորհրդի հրամանատարի տեղակալ, գեներալ Մայք Քելլերը: Նրա խոսքով՝ տարանցիկ նոր կենտրոնը կգործի լեհական Ժեշուվ քաղաքում գործող հաբի հետ համատեղ և կապահովի ոչ միայն զենքի պահուստային հոսքը Կիևի համար, այլև կամրապնդի Հյուսիսատլանտյան դաշինքի ամբողջ արևելյան թևի լոգիստիկ կայունությունը:

Ենթադրվում է, որ Ռումինիայում հաբի գործարկումը կկրկնապատկի Կիևին տրամադրվող ռազմական օգնության տարանցիկ հնարավորությունները, իսկ PURL («վճարված է եվրոպացիների կողմից, մատակարարված է ամերիկացիների կողմից») մեխանիզմը կապահովի սպառազինության հոսքի անընդհատությունը: Քելլերը նշել է, որ առաքելությունը գտնվելու է ՆԱՏՕ-ի ուղղակի հրամանատարության ներքո: Ընդ որում, դեռևս մինչև լիարժեք գործարկումը, կենտրոնը Ուկրաինա է ուղարկել մոտ 220 հազար տոննա ռազմական օգնություն: Մասնավորապես, այդտեղից ուկրաինական բանակին զենք են հասցրել 9 հազար բեռնատարներ, 1,8 հազար երկաթուղային վագոններ և տրանսպորտային ինքնաթիռների ավելի քան 500 չվերթներ:

Մինչ այժմ Լեհաստանի Ժեշուվ-Յասենկա բազան եղել է այն հիմնական զարկերակը, որով Ուկրաինան ռազմական օգնություն է ստացել: Սակայն մեկ խոշոր մուտքային անցակետից կախվածությունը ռազմավարական ռիսկեր և խոցելիություն է ներկայացբում, նշում է DefenseRomania-ն: Ամռանը ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն գործարկել են Ուկրաինային աջակցության նոր սխեմա, որի շրջանակներում եվրոպական երկրները և Կանադան իրենց վրա են վերցնում սպառազինության գնումների ֆինանսավորումը: Արդեն սեպտեմբերի կեսերին Պենտագոնը հաստատել է առաջին երկու մատակարարումները՝ 500 միլիոն դոլարի չափով: ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտնել է, որ Վաշինգտոնն այդ զենքը վաճառում է Եվրոպային՝ հետագայում այն 10% հավելավճարով Կիևին փոխանցելու համար, ինչը թույլ է տալիս փոխհատուցել լոգիստիկ ծախսերը: Գեներալ Քելլերի խոսքով՝ մատակարարումը սկսելուց առաջ ԱՄՆ-ն չի սպասում վերջնական վճարմանը, ինչը հնարավորություն է տալիս խուսափել դադարներից ու ուշացումներից, ինչպես նաև պահպանել ռազմական արտադրության լիարժեք հզորությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարել է գումար ծախսել Ուկրաինային օգնություն տրամադրելու համար և սկսել է միջոցներ ստանալ ՆԱՏՕ-ին զենք վաճառելու հաշվին։ Միևնույն ժամանակ, դեկտեմբերի 19-ին Սպիտակ տան ղեկավարը ստորագրել է երկրի 2026 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեն, որը կազմում է ավելի քան 900 միլիարդ դոլար, որից 400 միլիոն դոլարը կուղղվի Կիևի համար նախատեսված սպառազինությանը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031