ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ գործողությունը Իրանում կարող է տևել ավելի երկար, քան ԱՄՆ վարչակազմի կողմից նախապես գնահատված չորս-հինգ շաբաթը։
«Մենք արդեն զգալիորեն առաջ ենք անցել մեր ժամանակացույցից:
Սկզբում մենք պլանավորել էինք չորս-հինգ շաբաթ, բայց մենք ունենք այն երկարաձգելու հնարավորություն։ Մենք կանենք դա»,- ասել է Թրամփը:
Նա այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը Պատվո մեդալի հանձնման արարողության ժամանակ։ Սա նրա առաջին մեկնաբանությունն է լրագրողներին Իրանում ԱՄՆ գործողությունների սկսվելուց ի վեր։
Լրագրողների հետ զրույցի ժամանակ Թրամփը նաև նշել է, որ Իրանում գործողության նպատակները հստակ են, այդ թվում՝ «Իրանի հրթիռային կարողությունների և նրա նավատորմի ոչնչացումը», ինչպես նաև Թեհրանին միջուկային զենք ձեռք բերելուց հետ պահելը:
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Իրանը «չի կարող շարունակել զինել, ֆինանսավորել և ղեկավարել ահաբեկչական բանակները իր սահմաններից դուրս»։
Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածել են Իրանին: Թեհրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: Գործողությունը տեղի է ունեցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողման ֆոնին։
Իսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:






































