Այսօր բարձրաձայնվում է, որ Բաքվում կա 23 հայ գերի. դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ադրբեջանական կողմը հաստատում է 23 հայերի՝ Ադրբեջանում անազատության մեջ գտնվելու հանգամանքը և կա ստուգելի տեղեկատվություն նրանց ողջ լինելու վերաբերյալ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1–ին, Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների իրավունքների թեմայով քննարկման ժամանակ ասաց Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։
«Սա ամենևին չի նշանակում, որ ի սկզբանե գերեվարվել են և դեռեւս Ադրբեջանում պահվում են բացառապես 23 հայեն։ Եղել են այնպիսի զարգացումներ, որոնք բացահայտում են պատերազմական հանցագործություն, մասնավորապես գերիների սպանություններ։ Ընդ որում այնպիսի դրվագներով, երբ արդեն գնդակահարված գերու մարմինը հանձնվել է հայկական կողմին։ Եվ այստեղ կա համադրված ապացույցներ մի կողմից Ադրբեջանում գերի ընկած լինելու վերաբերյալ, մյուս կողմից մարմինը գտնվում է հայկական կողմի տիրապետության ներքո։
Երկրորդ՝ գերիները բռնի անհետացել են։ Գերեվարմանը հաջորդող ժամանակահատվածում տեղի են ունեցել որոշակի զարգացումներ, որոնցով պայմանավորված կորցրել ենք տեղեկատվությունը այս անձանց վերաբերյալ։ Ադրբեջանական կողմը ժխտողական մոտեցում ունի, հերքում է իր կապը բռնի անհետացած գերիների հետ, հրաժարվում է տրամադրել տեղեկատվություն։
Նման անորոշության պայմաններում, չկա որևէ անկախ միջազգային կազմակերպություն, որը որոնողական աշխատանքների արդյունքում կարողանա հայտնաբերել փնտրվող անհետացած գերիներին, ստուգել նրանց ողջ լինելը և մեզ տեղեկություններ տալ նրանց ողջ լինելու վերաբերյալ»,- ասաց Սահակյանը։
Նա նշեց, որ թեև հայտարարվում է՝ Հայաստանն ունի 23 գերի, բայց կան քանի տասնյակ բռնի անհետացած գերիներ. «Բազմիցս խոսվում է 80 անձի մասին։ Դա, ըստ էության, իրավապաշտպանների փաստահավաք գործունեության ընթացքում հաստատված դեպքերն են։ Սա երբեք չի կարող որակվել որպես սպառիչ թվաքանակ։ Առնվազն 80 դեպքի մասին իրավապաշտպանները փաստեր են ներկայացնում։ Բայց այդ թվերը կարող են շատ ավելին լինել»,- ասաց Ս.Սահակյանը։
Նրա ներկայացմամբ, Ադրբեջանում պահվող 23 գերիներից 8-ն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է, 5 անձ դեռ 2020 թվականի պատերազմի ժամանակ են գերեվարվել։
«Ադրբեջանն այս պահին ապօրինաբար անազատության մեջ պահում է ինչպես 2020 թվականի 44- օրյա պատերազմում գերի ընկածներին, այնպես էլ 2023 թվականին գերեվարված, կալանավորված անձանց»,- ընդգծեց իրավապաշտպանը։
Նա հայտնեց՝ այս պահի դրությամբ տեղեկատվություն ունեն, որ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն այցելել է Ադրբեջան. «Չենք բացառում, որ այցելությունների շրջանակում մեկանգամյա տեսակցություն ունեցած լինեն որոշ հայերի հետ։ Ձեռնպահ կմնամ մանրամասներ ներկայացնելուց։ Ապագայում հայտարարությաբ հանդես կգանք»։