Որդիս կամավոր գնացել է պատերազմ հոկտեմբերի 26–ին. սկզբում եղել է Մարտակերտի Ալաշանում, այնուհետեւ գնացել է Մարտունի եւ Մարտունի 2–ում է դեպքը եղել, նոյեմբերի 9–ին, պատերազմի վերջին օրը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27–ին, 44–օրյա պատերազմ սկսելու 5–րդ տարելիցի օրը Եռաբլուր պանթեոնում զրույցում նշեց զոհված Վրեժ Պողոսյանի մայրը՝ Էլեոնորա Պողոսյանը։
«Կապի մեջ եղել է մինչեւ նոյեմբերի 7–ը, այդ օրը կնոջ հետ է զրուցել, ասել է՝ «սաղ տոչնի ա»։։ Անընդհատ ասում էր, «Սաղ տոչնի ա»։ Ինքը էն տեսակը չէր, որ բողոքեր, միայն ասում էր՝ «տղուս ղզիկ չմեծացնեք», որովհետեւ կինը հղի էր, երեխան մի քանի օրից պիտի ծնվեր։ Անգամ այդ փաստը հետ չպահեց, երեւի հայրենիքի կանչը ավելի ուժեղ էր։ Ինքը կարող էր չգնալ, բայց գնաց։
Որդին ծնվել է հուղարկավորության օրը։ Մենք իրեն հուղարկավորել ենք, ու ծնվել է որդին։ Մենք չենք հասկացել ոչ տխրությունը, ոչ ուրախությունը։ Ես չհասկացա՝ իմ հետ ինչ կատարվեց, ոչ մեկին դա չեմ ցանկանում։
Տղաներս իրենց կապերով արդեն նոյեմբերի 9–ին իմացել էին, որ զոհվել է, բայց ոչ ինձ են ասել, ոչ ամուսնուս։ Ես ամսի 11–ին եմ իմացել, նոյեմբերի 13–ին հոգեհանգիստն էր, 14–ին՝ հուղարկավորությունը։ Նույն օրը երեկոյան ծնվեց թոռնիկս։ Իր առաջներկն էր, ծնվեց Մաքսս։ Արդեն 5 տարեկան է։ Արդեն ուզում է հարցեր տալ, բայց ինքը գիտի՝ իր պապան ով է, որտեղ դրոշ է տեսնում, դա իր պապայի դրոշն է։ Ինքը մեծացավ Եռաբլուրում մեզ հետ»,–ասաց Վրեժի մայրը։
Նա հավելեց, որ հայրությունը չէին ճանաչում, մեկ տարի տանջվել են, որ այդ հարցը լուծեն, քանի որ զագսով ամուսնացած չէին։ «Հետո փորձությունների միջոցով հասանք նրան, որ թոռնիկս հիմա կրում է իր պապայի ազգանունը, իր պապայի արժանի հետնորդն է։
Ամեն անգամ այստեղ գալիս ինքս ինձ հետ ու տղաների հետ կռիվ եմ տալիս։ Հանուն ինչի՞, ինչի՞ համար ու այդ հարցի պատասխանը մինչև վերջ էլ չեմ գտնում։ Չնայած կարող եմ ասել, որ մենք հաղթած ենք, ուղղակի մեր տղաների արյունը հազար ափսոս։
Մեզ հետ ինչ ասես անում եմ, ոնց ասես, վարվում են, մենք լռում ենք, երևի արժանի ենք դրան։ Մեր մեջ կորսվել է արժանապատվության զգացումը։ Չունենք այդ արժանապատվությունը, որ վեր կենանք ու սրան ասենք՝ մի հատ ուշքի արի, ի՞նչ ես խոսում։ Ասում է՝ ինչի՞ են 18 տարեկան զինվորների մայրերը թողել, որ գնան այնտեղ, որտեղ մեր հողը չէր։ Այ ապուշ, բա որ մեր հողը չէր, ինչի՞ ասեցիր՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։
Դուրս է գալիս, որ մեր իշխանավորների մեջ չկա էդ տղամարդկությունը, տղամարդկությունը սրանց մեջ էր, որ զոհվեցին հանուն հայրենիքի ու չգնահատվեցին։ Երևի արժանի ենք սրան։
Այսօր էլ ուզում է խաղաղություն։ Խաղաղություն ո՞ւմ հետ։ Մեկը ես խաղաղություն չունեմ կնքելու թուրքի հետ։ Ես վրեժով լցված եմ, որտեղ տեսնեմ թուրքին, ես ամեն ինչի ընդունակ եմ։ Եթե ինձ կբռնեն, կդատեն, ջհանդամը, թե չեն դատի»։