Իսրայելը Գազայում «գործն ավարտին կհասցնի» և դա կանի հնարավորինս արագ․ ՄԱԿ-ում Նեթանյահույի ելույթի ժամանակ շատ պաշտոնյաներ լքել են դահլիճը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում ներկա պաշտոնյաների և դիվանագետների մեծամասնությունը լքել է դահլիճը հենց այն պահին, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բարձրացել է ամբիոն, հաղորդում է Axios-ը։
Դա Իսրայելի դեմ ուղղված համաշխարհային առաջնորդների հերթական բողոքի ակցիան էր, որը պահանջում էր դադարեցնել պատերազմը Գազայում, գրում է The New York Times-ը։ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը «չի գործի ազգային ինքնասպանություն»՝ թույլ տալով Պաղեստինի պետություն ստեղծել, և կտրուկ քննադատել է այն երկրներին, որոնք վերջին օրերին ճանաչել են այն։ «Դա ձեզ համար ամոթի բիծ կլինի»,- ասել է նա։

Իսրայելի առաջնորդը հայտարարել է, որ Իսրայելը Գազայում «գործն ավարտին կհասցնի» և դա կանի հնարավորինս արագ։
Դահլիճից հնչող բացականչությունների ներքո Նեթանյահուն իր ելույթը սկսել է՝ թվարկելով Իսրայելի հարձակումները իր հակառակորդների և հարևան երկրների վրա՝ պնդելով, որ դա վերացրել է սպառնալիքները։ Նա կարդացել է Գազայում պահվող պատանդների անունները։ Հինգշաբթի Իսրայելն այնտեղ բարձրախոսներ է տեղադրել՝ ելույթը հեռարձակելու համար։

Ավելին, Իսրայելի հետախուզությունը ելույթը ուղիղ եթերով հեռարձակել է Գազայի բնակիչների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ողջ մնացած առաջնորդների հեռախոսներով։ Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին կոչ է արել հանձնվել, զենքերը վայր դնել և ազատ արձակել պատանդներին։
Ըստ ТАСС-ի՝ Բենիամին Նեթանյահուն ուղղակիորեն դիմել է Գազայի հատվածում գտնվող իսրայելցի պատանդներին՝ աջակցության խոսքերով։
«Մեր քաջարի հերոսներ, վարչապետ Նեթանյահուն ձեզ հետ ուղիղ եթերում խոսում է ՄԱԿ-ից։ Մենք ձեզ վայրկյան անգամ չենք մոռացել։ Իսրայելի ժողովուրդը ձեզ հետ է։ Մենք չենք կանգնի կամ չենք հանձնվի, մինչև բոլորիդ տուն չբերենք»,- եբրայերեն և անգլերեն ասել է նա։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930