Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները «բազմաթիվ ուղղություններով զգալի առաջընթացի» են հանգեցրել։ Այս մասին Վաշինգտոնից վերադառնալու ճանապարհին՝ ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը նախօրեին հանդիպում է անցկացրել ԱՄՆ առաջնորդի հետ Սպիտակ տանը։
«Մենք Վաշինգտոնից մեկնում ենք բավարարվածության զգացումով։ Մենք անկեղծ, կառուցողական և արդյունավետ մթնոլորտում բանակցություններ անցկացրեցինք պարոն նախագահի հետ։ Ինչպես գիտեք, պարոն Թրամփի հետ մեր հարաբերությունները միշտ լավ են եղել։ Նրա առաջին պաշտոնավարման ընթացքում մենք հատուկ երկխոսություն էինք հաստատել, որը շարունակվում է մինչ օրս։ Վստահ եմ, որ դա դրականորեն կանդրադառնա նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա»,- ասել է Էրդողանը։
«Իհարկե, անհնար է մեկ հանդիպմամբ լուծել բոլոր հարցերը։ Սակայն այս շփումը զգալի առաջընթացի է հանգեցրել բազմաթիվ ուղղություններով։ Մենք նպատակ ունենք հասնել 100 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառության։ Որպես առաջնորդներ, մենք քաղաքական կամք ունենք դա իրականացնելու համար»,- նշել է նա։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Թրամփի հետ հանդիպման օրակարգում են եղել նաև Սիրիայում ստեղծված իրավիճակը և Գազայում տեղի ունեցած մարդասիրական աղետը։
«Գազայում կոտորածը դադարեցնելու համատեքստում մեր զրույցը հատուկ նշանակություն ուներ։ Պարոն Թրամփը հանդիպման ժամանակ արտահայտեց կայուն խաղաղության հասնելու անհրաժեշտությունը։ Մենք, մեր հերթին, ներկայացրինք մեր տեսլականը, թե ինչպես կարելի է նախ հասնել հրադադարի, իսկ հետո՝ ամուր խաղաղության՝ և՛ Գազայում, և՛ ամբողջ Պաղեստինում։ Այս հարցի շուրջ փոխըմբռնում ձեռք բերվեց»,- նշել է նա։