Ես մասնակում էի Վալոդյա Գրիգորյանի հուղարկավորությանը, տարբեր շահարկումներ են եղել դրդապատճառների և այլնի մասին. ուզում եմ տեղյակ լինեք, որ նա իմ համագյուղացին էր, մեր իմ պապիկի և իր պապիկի տները իրար հարևանությամբ էին և իր հայրը, ում այսօր ես հնարավորություն ունեցա ցավակցական խոսք ասել, իմ հորեղբոր դասարանցին էր, իմ հայրիկի հետ մտերիմներ էին, իրար հետ աշխատել են երկար տարիներ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
«Սա ինձ համար նաև անձնական հարց էր, չնայած ես երբեք չեմ ճանաչել պարոն Գրիգորյանին։ Քանի որ բազմաթիվ հարցեր են հնչել, ուզում եմ միանգամից ասել, որ այն բոլոր գնահատականների և քաղաքական աստառներ տալու փորձերը, ես կարծում եմ, որ ոչ միայն կոռեկտ չեն, այլ նաև իմ պատկերացրած բարոյական շրջանակներում չեն տեղավորվում։
Այսքանով կուզենամ, որ այդ թեման ամփոփենք և սպասենք, որ իրավապահ մարմինները իրենց գործը արագ և բարձր որակով կատարեն, մեր բոլորի սպասելիքները դրանք են»,– հայտարարեց նա։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։
Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։
Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։
Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Գրիգորյանը Փարաքարում որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր թեկնածու, ջախջախիչ հաղթանակ տարավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ։