Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանին. (լուսանկարներ)

Սեպտեմբերի 25-ին «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։

«Արաբկիր» բժշկական համալիրի և Շվեյցարիայի միջև համագործակցությունն ունի տասնամյակների պատմություն: 1988 թվականի երկրաշարժի օրերին շվեյցարացի բժիշկներ Ժան Պիեռ Բեռնարը և Էռնեստ Լոյմանը առաջիններից էին, որ ժամանեցին աղետի գոտի և իրենց մասնագիտական փորձն ու հմտությունները ծառայեցրին հայ ժողովրդին: Համագործակցությունը կրեց շարունակական բնույթ և կյանքի կոչվեցին հայ-շվեյցարական ավելի քան 30 ծրագրեր: 31-րդը «Բուժքույրերի և թերապիստների գերազանցության կենտրոնի» ստեղծումն էր:

Այսօրվա հանդիպմանը ներկա էին նաև «Արաբկիր» բժշկական համալիրի շվեյցարացի գործընկերները` «Բուժքույրերի և թերապիստների գերազանցության կենտրոնի» հոգաբարձուների խորհրդի անդամ Պիեռետ Շենեվարը և վերականգնողական ծառայությունների կազմակերպման փորձագետ Մանուել Սալազարը:

Քննարկվեցին «Բուժքույրերի և թերապիստների գերազանցության հայ-շվեյցարական կենտրոնի» զարգացմանն առնչվող հարցեր: Կենտրոնի նպատակն է Հայաստանում բարձրացնել բուժքույրերի և թերապիստների (ֆիզիոթերապիստներ, էրգոթերապիստներ, լոգոպեդներ, հոգեբաններ և այլն) աշխատանքի արդյունավետությունը, նպաստել նրանց մասնագիտական կայացմանը և շարունակական զարգացմանը:

Այսօր արդեն` հանդիպման ընթացքում, կողմերը, արժևորելով անցած ճանապարհը, հույս հայտնեցին, որ ամուր հողի վրա ստեղծված համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ և տալու է իր դրական պտուղները։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930