Երևանի Պետական Կամերային Թատրոնում տեղի է ունեցել նոր մոնոներկայացում՝ «ԵՍ ԱՆՈՒՆ ՉՈՒՆԵՄ» (16+), որը հիմնված է բանաստեղծ, գրող Սոնա Վանի ազդեցիկ ստեղծագործությունների վրա։
Մոնոներկայացումը մի կնոջ լեզվով պատմում է հազարավոր կանանց ապրումների մասին, որոնք ատում են պատերազմը, քանի որ այդ արհավիրքը խլել է իրենց սիրելիներին:
Մոնոներկայացումը անդրադառնում է մարդու ներսում ծավալվող խորը ապրումներին, երբ անձնական ցավը վերածվում է ընդվզման՝ ընդդեմ բռնության, անարդարության և աշխարհակարգի։ Ի՞նչ անել, երբ բոլոր նրանք, ում սիրել ես, հեռանում են ու չեն վերադառնում: Ինչպե՞ս ապրել, երբ քո աղոթքները մնում են անպատասխան: Եվ հնարավո՞ր է միայնակ դիմակայել բռնության հավերժական շրջապտույտին:
Մոնոներկայացումը՝ հիմնված Սոնա Վանի ազդեցիկ ստեղծագործությունների վրա, բացահայտում է մի կնոջ պատմություն, ով համարձակվեց մարտահրավեր նետել հենց ճակատագրին: Սա անկեղծ զրույց է անձնականի և համընդհանուրի, սիրո և կորուստների, հավատի և հուսահատության, անզորության և վճռականության մասին:
Ներկայացման բեմադրությունն իրականացրել է Լուսինե Երնջակյանը, երկրորդ ռեժիսորն է Ժորա Մարտիրոսյանը, կոմպոզիտորը՝ Վահան Արծրունին։ Դերը կատարում է դերասանուհի Քեթրին Մանասյանը։