Հավայան կղզիների իշխանությունները կոչ են արել բնակիչներին լքել ափամերձ տարածքները՝ Կամչատկայի մոտակայքում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի պատճառով, հաղորդում է ABC News-ը։
Հավայան կղզիներում տագնապի առաջին ազդանշանները հնչել են ժամը 15:23-ին (Երևանի ժամանակով ժամը 05:23): Արտակարգ իրավիճակների ծառայությունները զգուշացրել են, որ ալիքը կարող է հասնել Հանալեյին ժամը 19:10-ին (Երևանիժամանակով ժամը 09:10): Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ կղզու ամբողջ ափամերձ գիծը սպառնալիքի տակ է: Վտանգը կարող է երկար ժամանակ պահպանվել առաջին ալիքից հետո:
Ալյասկայում նույնպես հայտարարվել է ցունամիի մասին նախազգուշացում: ԱՄՆ երկրաբանական ծառայությունը Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժի առավելագույն մագնիտուդը գնահատել է 8,8:
Հիշեցնենք, որ Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել 8,7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ։ Այն ամենաուժեղն էր 1952 թվականից ի վեր: Այս մասին փոխանցում է kommersant.ru-ն։
Կուրիլյան բոլոր կղզիների համար հայտարարվել է ցունամիի սպառնալիք։
Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 150 կմ հարավ-արևելք և Հյուսիս-Կուրիլսկից 360,9 կմ հյուսիս-արևելք: Ճեղքվածքը տարածվել է առնվազն 200 կմ հարավ-արևմտյան ուղղությամբ՝ խորջրյա խրամատի առանցքի երկայնքով։
Նշվում է, որ ուժեղ հետցնցումները կշարունակվեն առնվազն մեկ ամիս: Կամչատկայի առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժածներ կան, բայց բոլորը գտնվում են բավարար վիճակում և առանց ծանր վնասվածքների։ Փլուզվել են մի քանի հաստատություններ։ Կամչատկայի երկրամասի կառավարությունը կրճատել է պետական մարմինների աշխատանքային օրը մինչև ժամը 13:00։
Ցունամիի վտանգ է հայտարարվել նաև Ճապոնիայում։ Երկրի կառավարությունը կոչ է արել որոշ շրջանների բնակիչներին տարհանվել։