Իսպանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն օգոստոսի 1-ին 12 տոննա պարենամթերք կտեղափոխեն Գազայի հատված:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի խոսքով՝ ինքնաթիռներն անկլավ կթռչեն Հորդանանի տարածքից։ «Գազայում սովն ամոթ է ամբողջ մարդկության համար, և դրա դադարեցումը, հետևաբար, բարոյական պարտականություն է», — նշել է նա։Բեռլինը նույնպես ցանկություն է հայտնել մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված։
«Գերմանիայի կառավարությունը, Հորդանանի հետ համագործակցությամբ, անհապաղ կկազմակերպի մարդասիրական օգնության առաքումը Գազա օդային ճանապարհով», — Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքը մեջբերում են արևմտյան լրատվամիջոցները:
Նա նշել է, որ Գերմանիան այս հարցում կհամագործակցի նաև Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ։Հուլիսի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Շոտլանդիայում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպման ժամանակ սարսափելի է համարել հումանիտար իրադրությունը Գազայում և հայտարարել, որ ԱՄՆ-ն կավելացնի օգնությունը։
Հորդանանի և ԱՄԷ-ի ինքնաթիռները հուլիսի 28-ին 17 տոննա մարդասիրական օգնություն պարաշյուտով նետել են Գազայի հատված։ Իսկ հուլիսի 27-ին Գազայի հատված է մտել մարդասիրական օգնությամբ բեռնված 180 բեռնատար։ Ինչպես հաղորդել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը, Իսրայելը կշարունակի համագործակցել միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ՝ ապահովելու մեծ ծավալներով մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված։
ՄԱԿ-ում հայտարարել են, որ պաղեստինյան անկլավ մտնող մարդասիրական օգնությունը «մեկ կաթիլ է օվկիանոսում»։ Գազայի հատվածում սովից և թերսնուցումից մահացածների թիվն արդեն մոտենում է 150-ի։