Արդեն 3 տարի է` Գլխավոր դատախազությանը չի հաջողվում ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի կնոջը՝ Ջուլիետա Աբրահամյանին և որդուն՝ Արգամ Աբրահամյանին, 2004թ. աճուրդով վաճառված պահուստային հողերի գործով «բարենպաստ» դատական ակտ ստանալ: Գործերը հայտնվել են շրջապտույտի մեջ: Նախ՝ Վարչական դատարանը սկզբում վարույթ չէր ընդունում հայցադիմումները: Դրանից հետո, Դատախազությունը որոշ փոփոխություններ արեց և նոր հայցեր ներկայացրեց: Սակայն, այս անգամ էլ Վարչական դատարանը որոշել է գործերը քննության ուղարկել Հակակոռուպցիոն դատարան: Մինչդեռ այնտեղ էլ կարծում են, որ այդ գործերն իրենց ենթակա չէ: Այս մասին գրում է Հետքը:
Գլխավոր դատախազությունը 2024թ. օգոստոսին Արտաշատի համայնքապետարանի դեմ երեք հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ Մխչյան համայնքի ղեկավարի՝ աճուրդին վերաբերող որոշումներն առոչինչ ճանաչելու, նրա ու Աբրահամյանների միջև ստորագրված առուվաճառքի պայմանագրերի և դրանց հիման վրա կատարված պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջով: Հողատարածքներից երկուսը օտարվել էին Արգամ Աբրահամյանին, մեկը՝ Ջուլիետա Աբրահամյանին:
Դատախազությունը պահանջում է առոչինչ ճանաչել Մխչյան համայնքի ղեկավարի 3 որոշումները, որոնցով «առանց իրավական հիմքի օտարվել են 8.9 հա, 7.2 հա և 4092քմ մակերեսով պահուստային ֆոնդի երեք հողատարածքները»: Նշենք, որ այդ հողատարածքներից 16.1 հա-ի սեփականատերը Արգամ Աբրահամյանն է, իսկ 4092քմ -ինը՝ Ջուլիետա Աբրահամյանը:
Վարչական դատարանը՝ նախագահությամբ Լուսինե Բոյաջյանի, նշված գործերը վերահասցեագրել է Հակակոռուպցիոն դատարան, քանի որ «Գլխավոր դատախազության կողմից հարուցված հայցը հանդիսանում է քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով հարուցված քաղաքացիական գործ»: