Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 28-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է քաղաքապետարանի ենթակայության տակ չգտնվող այգիների, մասնավորապես՝ Կոնսերվատորիայի դիմացի այգու ծառերի վատթար վիճակին։
«Կոնսերվատորիայի այգին, որը երկարաժամկետ վարձակալության է տրված, ունենք դատական գործընթաց։ Դատական պրոցեսների շատ-շատ երկար ձգձգումները բերում են նրան, որ այդ այգիները սկսում են չորանալ։
Պետք է խնդրեմ՝ անկախ նրանից՝ վարձակալա՞ծ է, թե՞ ոչ, գնացե՛ք, ջրե՛ք այգին, որովհետև հետո մենք ենք պատասխան տալու:
Ամեն կերպ պայքարում են, որ այգին մնա իրենց մոտ, որ չորացնե՞ն այգին։ Դա՞ է նպատակը։ Եթե դա է նպատակը, մի հատ էլ համապատասխան հետևանք պետք է իրենց համար ունենա չհետևելը, որովհետև սա քաղաքացուն ուղիղ հասցված վնաս է։ Վնասում են մեզ՝ երևանցիներիս, Երևան քաղաքին, և իրենք պետք է պատժվեն, իսկ դուք գնացեք ջրեք»,- ասել է նա։
Քաղաքապետը նաև դիմել է դատական ատյաններին՝ նշելով, որ երբ նման պրոցեսները շատ երկար են տևում, դրանք բերում են շատ վատ հետևանքների:
«Խնդրում եմ՝ հնարավորինս այս տեսակ գործերի, մանավանդ հանրային կարևորություն, հանրային շահ ներկայացնող գործերի վրա, մի փոքր շատ ուշադրություն սևեռել և շատ երկար պրոցեսներ չիրականացնել ու ինչ-որ ուղղությամբ որոշում կայացնել, որովհետև միայն այս գործը տարուց ավելի քննվում է։ Տարուց ավելի քննվում է, այգին չորացավ»,- հավելել է Ավինյանը: