Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի մանկավարժական անձնակազմը և ծնողական համայնքը այսօր՝ հուլիսի 28–ին ակցիա են կազմակերպել քաղաքապետարանի դիմաց։ Նրանք խնդրում են քաղաքապետարանից դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում անփոփոխ թողնել Զառա Բարսեղյանին։
Դպրոցի փոխտնօրեն Ռոզա Զաքարյանը նշեց. «Մենք ուրբաթ լրատվամիջոցներից տեղեկացանք այն մասին որ 122 դպրոցի տնօրենը իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից և նշանակվել Պուշկինի դպրոցում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Սա մեզ համար անակնկալ էր, քանի որ երկու ամիս առաջ քաղաքապետի տեղակալը և հանրակրթության վարչության պետը բազմաթիվ անձանց, ինչպես նաև լրատվամիջոցների առջև ասացին, որ ոչ մի նպատակ և պլաններ չունեն ժամանակավոր պաշտոնակատարին փոխելու։ Ուսուցչական անձնակազմը և ծնողները անհանգստացած են, քանի որ դպրոց նոր ուսումնական տարվա նախաշեմին են եւ ուսուցիչները անարդարությունից լցված ասում են՝ մենք դիմումներ կգրենք և սեպտեմբերի 1–ին դպրոց չենք ներկայանա։ Ես ինչպես հասկացա, ծնողներն էլ հրաժարվում են երեխաներին բերել դպրոց։
Մենք նամակ ունենք Տիգրան Ավինյանին և խնդրում ենք, որ Զառա Բարսեղյանի լիազորությունները թողնի անփոփոխ»,–ասաց նա։
Աշակերտներից մեկի ծնողն էլ նշեց. «Լուրերով կամ ինչ–որ մարդկանց միջոցով ենք իմանում, որ էլի ինչ-որ փոփոխության է ենթարկվելու դպրոցը, էլի ցնցումային ինչ–որ պրոցես է լինելու սեպտեմբերի նախաշեմին։ Փաստորեն, խոստումը չի պահվել, որովհետև մեզ ասեցին՝ քանի դեռ հիմնական տնօրենի հետ կապված դատական պրոցեսը ընթացքում է, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի դպրոցի ներսից, այս պարագայում Զառա Բարսեղյանը, որը բազմամյա փորձ ունի դպրոցում։ Այս պահին ասել են, որ գալու է դրսից մարդ։
Դպրոցը ունի ուրույն ձեռագիր, որը պիտի չփոխվի։ Մենք շատ գոհ ենք գործող տնօրենից, փոխտնօրենից, ուսուցիչներից և որևէ փոփոխություն ինձ համար արդեն հանդուրժելի չի լինի»։
Նա հայտարարեց, որ սեպտեմբերի 1–ից իր երեխային չի բերելու դպրոց՝ անկախ նրանից, թե դրսից ում են բերելու դպրոցի տնօրենի պաշտոնակատար»։