Հայաստանում սահմանադրական փոփոխությունների շուրջ աշխատանքները սկսվել են 2018 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո, և ճիշտ չէ այդ գործընթացը կապել որևէ արտաքին գործոնի հետ. դա Հայաստանի ներքին հարցն է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը կառավարության հերթական նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ երբևէ չի հայտարարվել, թե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի է ունենալու համապետական ընտրություններից առաջ։
«Մենք պետք է ամեն ինչ անենք և աշխատենք այն ուղղությամբ, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները։ Սահմանադրական փոփոխությունների աշխատանքները սկսվել են 2018 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո։ Ճիշտ չէ այդ գործընթացը կապել որևէ արտաքին գործոնի հետ։ Դա մեր ներքին հարցն է։ Մեր ժողովուրդը կորոշի՝ ուզո՞ւմ է ունենալ նոր Սահմանադրություն, թե՞ ոչ»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարը։
Թեև Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության գալու ու բանակցությունների ավարտի մասին, Ադրբեջանը շարունակում է որպես համաձայնագրի ստորագրման նախապայման ներկայացնել Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը՝ կեղծ պնդում անելով, թե ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրությունը իր որևէ հարևանի նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում։