Առուշանյանի անշարժ գույքերը «չեն կարող գնահատվել որպես ապօրինի ծագում ունեցող». դատարանը վարույթ է առանձնացրել. «Հետք»

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի «ապօրինի գույքի» բռնագանձման գործով Հակակոռուպցիոն դատարանն անշարժ գույքերի մասով արագացված դատաքննություն իրականացնելու և վճիռ կայացնելու որոշում է կայացրել: Սակայն, դատախազության՝ դրամային պահանջների մասով, գործից վարույթ է առանձնացրել՝ քննելու նպատակով: Այս մասին գրում է «Հետքը»:

2024թ. հունվարից Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Գլխավոր դատախազության անունից Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումը՝ Առուշ Առուշանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։ Պահանջվում է բռնագանձել

Գորիս քաղաք, Զ. Անդրանիկ փողոց, թիվ 2/2 բնակելի տունն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում` դրա միջին շուկայական արժեքը՝ 28.000.000 դրամ,

Գորիս համայնք, Վերիշեն գյուղ, 1-ին փողոց, թիվ 2 արտադրամասն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում` դրա միջին շուկայական արժեքը՝ 39.750.000 դրամ,

Գորիս համայնք, Վերիշեն գյուղ, 1-ին փողոց, թիվ 2/1 հողամասն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում` դրա միջին շուկայական արժեքը՝ 7.000.000 դրամ,

Գորիս քաղաք, Զ. Անդրանիկ փողոց, թիվ 2/3 հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքի 16,81 տոկոսը՝ 1.613.760 դրամ,

253.583.891 դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել,

370.077.000 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող եկամտի մնացորդ:

Մոտ երկուսուկես տարի գործը քննելուց հետո Առուշ Առուշանյանի անունից միջնորդություն է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ արագացված դատաքննություն կիրառելու և հայցն ակնհայտ անհիմն լինելու հիմքով մերժելու վերաբերյալ:

Մասնավորապես՝ միջնորդության մեջ նշվել է, որ հայցադիմումը չի պարունակում որևէ փաստ կամ փաստարկ, ոչ էլ որևէ իրավական հիմք կամ հիմնավորում՝ ենթադրյալ հանցագործության և ակտիվի ավելացման կապի վերաբերյալ:

Հղում կատարելով Սահմանադրական դատարանի (ՍԴ) 2025թ. ապրիլի 16-ի որոշմանը, Առուշ Առուշանյանի ներկայացուցիչները նշել են, որ ՍԴ-ն ամրագրել է՝ անհրաժեշտ է կապ համապատասխան հանցանքի և գույքի միջև, ինչն այս գործով դատախազությունը չի ապահովել, հետևաբար առկա է անհամապատասխանություն ՍԴ որոշման հետ։

Դատախազության ներկայացուցիչն առարկել է ներկայացված միջնորդությանը՝ ներկայացնելով հակափաստարկներ՝ շեշտելով հատկապես Ա. Առուշանյանի կողմից 2017թ. «Գոր Մետալ» ՍՊԸ-ին տրամադրված ընդհանուր 307.060.000 դրամ փոխառության մասին։

2025թ. հուլիսի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ Լիլի Դրմեյանի, որոշել է Առուշ Առուշանյանի միջնորդությունը բավարարել մասնակի՝ կիրառել արագացված դատաքննություն և անցնել եզրափակիչ դատական ակտի կայացմանը միայն Գորիս քաղաքի Զ. Անդրանիկ փողոց, թիվ 2/2 բնակելի տան, Վերիշեն գյուղի 1-ին փողոց, թիվ 2 արտադրամասի և հողամասի, ինչպես նաև Գորիս քաղաքի Զ. Անդրանիկ փողոց, թիվ 2/3 հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքի 16,81%-ի՝ 1.613.760 դրամ գումարի բռնագանձման պահանջի մասով:

Վճիռը պետք է հրապարակվի 2025թ. օգոստոսի 12-ին:

Դատարանը նշել է, որ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1776 որոշումից հստակ է՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձման ենթակա չի կարող լինել այն գույքը, որը ձեռք է բերվել անձի՝ պաշտոն ստանձնելուց առաջ, և այդ գույքերի բռնագանձման պահանջներով ընդհանուր կարգով գործի քննության շարունակումը չի բխում գործի արդյունավետ և արդարացի լուծման նպատակներից։ Այսինքն՝ վերը նշված գույքերը չեն կարող գնահատվել որպես ապօրինի ծագում ունեցող, ուստի ակնհայտ է վերոնշյալ գույքերի՝ ապօրինի ծագում ունենալու հիմքով բռնագանձման պահանջների անհիմն լինելը։

Դատարանը գործից առանձին վարույթում առանձնացրել է Գլխավոր դատախազության հետևյալ պահանջը.

«Առուշ Առուշանյանից որպես ապօրինի ծագում ունեցող գույք հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.

253.583.891 դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել,

370.077.000 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող եկամտի մնացորդ»։

Այդ մասով գործի քննությունը դարձյալ իրականացնելու է դատավոր Լիլի Դրմեյանը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031