72 տարեկանում մահացել է Ռուսաստանի Գերագույն դատարանի նախագահ Իրինա Պոդնոսովան։ Այս մասին TASS-ին հայտնել է նրա շրջապատից մի աղբյուր։ Գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ Պոդնոսովան կյանքից հեռացել է ծանր հիվանդությունից հետո։ ՌԲԿ-ի տվյալներով՝ նա ավելի քան մեկ տարի պայքարել է հիվանդության դեմ, սակայն թե ինչ հիվանդություն, չի հաղորդվում։ Պոդնոսովան Գերագույն դատարանի ղեկավարի պաշտոնում նշանակվել է 2024 թվականի ապրիլի 17-ին, նրա թեկնածությունն առաջադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա դատարանը գլխավորել է դրա նախորդ նախագահ Վյաչեսլավ Լեբեդևի մահից հետո, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 1991-ից մինչև 2024 թվականը։
Իրինա Պոդնոսովան Գերագույն դատարանում աշխատել է 2020 թվականից, երբ նշանակվել է Գերագույն դատարանի նախագահի տեղակալ և տնտեսական վեճերի գծով դատական կոլեգիայի նախագահ։ Մինչ այդ նա ղեկավարել է Երկրորդ վերաքննիչ դատարանը և Լենինգրադի մարզային դատարանը։ Պոդնոսովան ծնվել է Պսկովում՝ 1953 թվականին։ 1975 թվականին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի (ներկայիս Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան) իրավաբանական ֆակուլտետը։ Հատկանշական է, որ նա սովորել է նույն կուրսում Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի հետ։
Պուտինի նախագահության հենց սկզբում Պոդնոսովան հաճախ էր կիսվում ուսանողական կյանքի հիշողություններով։ 2001 թվականի դեկտեմբերին նա «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականին պատմել է, թե ինչպես են համալսարանում նշել վերջին Ամանորը։ «Բոլորը դիմակահանդեսային զգեստներ էին հագել, իսկ Վոլոդկան եկել էր անշուք կոստյումով։ «Սա Շտիրլիցի զգեստն է», — մեկնաբանել էր նա», — հիշում էր Պոդնոսովան։ Նրա խոսքով՝ այդ ամանորյա գիշեր բոլոր տղաները զույգ էին գտել և միայն Պուտինն էր երեկույթից մենակ հեռացել։ «Վոլոդկան հավանում էր համեստ աղջիկներին, իսկ նման միջոցառումներին հավաքվում էին ամենաակտիվները։ Եվ, անկեղծ ասած, որպես տղամարդ՝ նա մեզ առանձնապես դուր չէր գալիս։ Դիսկոտեկներին չէր պարում, այլ պատի մոտ կանգնած՝ տղաների հետ էր խոսում։ Մենք ավելի համարձակ տղաներ էինք ընտրում», — ասել է ՌԴ նախագահի համակուրսեցին։