Մեր հիմնական սպասելիքը այն է, որ Նիկոլ Փաշինյանը արդեն փոշմանել է, գիտակցում է, որ այդպիսի արկածախնդրությունը կործանարար հետևանքներ կարող է ունենալ մեր երկրի համար, իր քաղաքական կարիերայի համար նաև, և ուղղակի հետ կկանգնի այդ աղետալի արկածախնդրությունից։ Այս մասին այսօր՝ հուլիսի 22–ին, Մայր Աթոռ Սուբ Էջմիածնի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաքվե» ազգային–քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Մենք այստեղ ենք, ըստ էության, որպեսզի ցույց տանք մեր նվիրումը մեր եկեղեցուն, նրա նվիրապետական կարգին, նրա 1700 տարիներով եկած և մեզ արդեն հասած ինստիտուցիոնալ հիշողությանը, ինստիտուցիոնալ խորությանը և մեր ազգային ինքնության պահպանության հարցում նրա ունեցած առանցքային դերին։
Դա ասելով, ես երբևիցե չեմ ենթադրում, որ մեր Եկեղեցին չունի խնդիրներ, որ պետք է լուծի։ Մեր ամբողջ հասարակությունը ունի խնդիրներ, որ պետք է լուծի, բազմաթիվ խնդիրներ, որոնք կուտակվել են, բայց դա եկեղեցու գործն է, դրսից ցանկացած միջամտություն, այն էլ բռնի միջամտություն, մեր ամբողջ ազգի համար, ոչ միայն եկեղեցու համար, պարզապես աղետալի հետևանքներ կարող է ունենալ, ուստի մենք այստեղ ենք, որպեսզի այդպիսի միջամտություն թույլ չտանք։ Որովհետև այդպիսի միջամտությունը բարոյական հարթության մեջ բացարձակ սնանկ, սրբապիղծ է, իրավական հարթության մեջ, ապօրինի է, և ընդհանրապես պետք է տեղի չունենա, պարզապես պետք է տեղի չունենա։
Մենք պետք է վերադառնանք նրան, որ մեր ներազգային խնդիրները կարողանանք լուծել փոխադարձ հարգանքի, եթե նույնիսկ ոչ համերաշխության, առնվազն իրար լսելու, իրար հետ խոսելու, իրար հետ բանավիճելու մեխանիզմով, ոչ թե բռնությամբ։ Բռնությունը, մեղմ ասած, թույլերի գործն է, որոնք այլևս չունեն փաստարկ, չունեն բարոյական ուժ, և փորձում են դիմել բռնության։ Մենք այստեղ ենք, որպեսզի բռնություն թույլ չտանք»,–ասաց նա։
Խոսելով վարչապետ Նիկոլ փաշինյանի մասին՝ Չալաբյանն ասաց. «Փաշինյանը, ըստ էության, պաթոլոգիկ վախկոտ է և այն ամենը, ինչ որ նա այս ընթացքում արել է, արել է միայն այն իրավիճակում, երբ որ իր հետևը զգացել է ժողովրդի ուժը։ Այսօր այդ ուժը իր հետևը չի։ Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանի վարկանիշը ընկել է աղետալի ցածր մակարդակի՝ քաղաքացիների 13-15% է ընդամենը նրան պաշտպանում և այդ թիվը շարունակում է նվազել։
Իր ձախողումները չեզոքացնելու, սքողելու համար նա երկրի ներսում դիմում է բռնության տարբեր մարդկանց նկատմամբ, բռնաճնշումների և և փորձում է դրանով իր ուժը ցույց տալ։
Ես կարծում եմ, որ նա ադեկվատ գնահատելով իր հնարավորությունները, իսկ ավելի ճիշտ՝ իր հնարավորությունների բացակայությունը, չի դիմի այդ արկածախնդրությանը, անկախ նրանից, թե անցյալում ինչ է արել»։
Ինչ վերաբերում է Էջմիածնի հրապարակում հավաք կազմակերպելուն, «Հայաքվեի» ներկայացուցիչն ասաց. «Ես, անկեղծ կարծում եմ, որ Փաշինյանը չի կարողանալու իրական հետևորդներ հավաքել, որովհետև այդպիսիք չունի։ Այստեղ Վեհարանի դարպասների դիմաց հավաքված կլինի շատ ավելի մեծ բազմություն, որը կգա պաշտպանելու իր եկեղեցին, իր հավատը, իր սրբությունները, իր արժեքները։ Ուստի Փաշինյանը ուղղակի այս դարպասներին պարզապես չի հասնի, հասկանալով, որ եթե ինքը տանի մարդկանց բախումներին, դա կլինի իր քաղաքական կարիերայի վերջը»։