Ես համաձայն չեմ տեսակետին, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ իրեն հեռացնեն, ոչ, ինքը ամեն ինչ անում է, որ իր իշխանությունը պահի և փորձի հերթական անգամ վերարտադրել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 21–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի ներկայացրած քաղաքական հայտին, քաղաքական նոր ուժ ստեղծելու մասին, մեր վերաբերմունքը այստեղ շատ հստակ է: Մենք գտնում ենք, որ ընդդիմադիր դաշտում որքան լինեն կազմակերպված, ռեսուրս ունեցող, իրական պայքարող քաղաքական ուժեր, այնքան այսօրվա իշխանությանը և անձամբ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու միջավայրը ավելի բարենպաստ կլինի: Այս իմաստով մենք ոչ խանդով ենք վերաբերվում, ոչ էլ չարությամբ, ընդհակառակը, ողջունում ենք Հայաստանի դաշտում գործող ընդդիմադիր ուժերին և նոր ձևավորվող քաղաքական միավորներին։
Ինչպիսի համագործակցություն կլինի դա կյանքը և ժամանակը ցույց կտաՆ։ Այս պահին մենք շատ հարգանքով և նորմալ ենք վերաբերվում այն քաղաքական պրոցեսներին և այն քաղաքական հայտարարությանը, որ իրենց կողմից արվել է»,–ասաց նա։
Իշխան Սաղաթելյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը երկրում բոլոր դիմադրության օջախները ոչնչացնելու և ապագայի զիջումները, անփորձանք իրականացնելու համար վերացնում է դիմադրության առկա օջախները , փորձում է կանխել նաև հավանական փողոցային և քաղաքական պայքարը, որը կարող է տեղի ունենալ. «Բայց դրան զուգահեռ իր ռեպրեսիաները, բռնությունները, ձերբակալությունները հիմնավորելու համար դնում է քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների վրա շատ ծանր մեղադրանք, օրինակ, ահաբեկչության նախապատրաստում։ Դրա համար ոչ մի հիմք չկա։ Ինքը ընդդիմության նկատմամբ բռնությունները լեգիտիմացնելու համար այդպես ծանր մեղադրանքներ է մեջտեղ բերում, այդ թվում նաև փորձելով ներկայացնել, որ վրացական սցենար է Հայաստանում տեղի ունենում, ռուսական գործակալական ցանց է բացահայտել։ Այսինքն իր իշխանության վերարտադրությունը և ընդդիմադիրներին բանտարկելու, բռնաճնշելու փորձերը լեգիտիմացնելու համար, ինքը հորինել է այդ մեղադրանքները, որը նաև փորձում է ընկալելի դարձնել միջազգային հանրության համար։ Դրանով է պայմանավորված այս ահաբեկչության մեղադրանք, փողերի լվացում։
Ինչ-որ պահի բոլորը մեր հասարակության, նույնիսկ նրանք, որոնք հավատացել են այս ստի, կեղծիքի, դավաճանների իշխանության մանիպուլյացիաներին, կարճ ժամանակ հետո կհամոզվեն դրանում»,– հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։