ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, այն վերնագրելով. «Իշխանության եկեղեցահալած քաղաքականության իրական դրդապատճառները և անօրինական բնույթը»։
Նա, մասնավորապես, նշել է.
«1. Ադրբեջանի հոգևոր առաջնորդը նամակ է գրել Եկեղեցիների համաշխարհային խորհրդին ընդդեմ Հայոց Եկեղեցու՝ ակնհայտորեն օգտագործելով Հայոց Եկեղեցու դեմ ՀՀ վարչապետի նախաձեռնած ու նրա կողմից ղեկավարվող արշավի ուղերձները՝ վիճարկելով Հայոց Եկեղեցու հեղինակությունը և վարկաբեկելով հոգևորականների նույն բառապաշարով անգամ, ինչ անում է ՀՀ վարչապետը:
Ըստ ադրբեջանական իշխանական քարոզչության՝ Հայոց Եկեղեցու դեմ Հայաստանի իշխանության արշավը բխում է հենց իրենց շահերից. Հայոց եկեղեցին պետք է չեզոքացնել, որպեսզի Հայաստանում «արևմտյան ադրբեջանցիների» բնակեցումը հեշտ լինի։ Պետք է նկատի ունենալ, որ ադրբեջանական իշխանությունը, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» Հայաստանում բնակեցման, իսկ իրականում հումանիտար շղարշի ներքո Հայաստանի զավթման ծրագիրը դարձրել է միջազգային օրակարգի հարց՝ անգամ պաշտոնական նամակով հարցը ՄԱԿ-ում առաջ տանելով:
Հայոց Եկեղեցու դեմ արշավը ոչ միայն ՀՀ վարչապետի կարգավիճակի կոպիտ խախտումով է, այլ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված տարբեր արարքների հատկանիշներ: Ընդ որում, այդ արարքները կատարվում են պաշտոնական կարգավիճակի լիազորությունները կամ իշխանության ազդեցությունն օգտագործելով, հրապարակային եղանակներով, ինչպես նաև իշխանության պաշտոն զբաղեցնող անձանց խմբի կողմից:
4.Գիտակցված պառակտում է հասարակությունը, թշնամացնում է տարբեր մարդկանց իրար հետ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում:
5.Թուլացնում է Հայաստանի պետականության հիմքերը՝ վիրավորանքների և անհանդուրժողականության հովանավորչությամբ մեծ վնաս հասցնելով երկրի միջազգային իմիջին: Հայոց եկեղեցին ներկայացնում է՝ որպես բռնության քարոզիչ, այն դեպքում, երբ եկեղեցին մշտապես հանդես է եկել համերաշխության ու խաղաղության կոչերով։ Այսինքն` խոսքն այնպիսի արշավի մասին է, որը բնույթով ոչ միայն հակաեկեղեցական է, այլ հակաքրիստոնեական: