Երևանում ավարտվեց 22-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որը 22-րդ անգամ իր շուրջ էր համախմբել ականավոր կինոգործիչների, մրցանակակիր ֆիլմեր աշխարհի տարբեր ծայրերից, եզրափակվեց մրցանակաբաշխությամբ։ Այն տեղի ունեցավ հուլիսի 19-ին Կինոյի տանը։

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան» ստացավ Իգոր Բեզինովիչի «Ֆիումե կամ մա՛հ» (Խորվաթիա/Իտալիա/Սլովենիա) ֆիլմը, «Արծաթե ծիրան»-ի արժանացավ Տատո Կոթեթիշվիլիի «Սուրբ էլեկտրականություն» (Վրաստան) կինոնկարը, իսկ հատուկ հիշատակման արժանացավ Օլհա Ժուրբայի «Դանդաղ այրվող հողի երգեր» (Ուկրաինա/Դանիա/Շվեդիա/Ֆրանսիա) ֆիլմը։

«Ծիրանի կորիզ» մրցույթում «Ոսկե ծիրան»-ը տրվեց Գոռ Առուշանյանի «Մայրենիքը» (Հայաստան/Լեհաստան) ֆիլմին, «Արծաթե ծիրան»-ի արժանացավ Զաք Դեմիրճյանի «Օձի ապուրը» (Հայաստան), կինոնկարը, իսկ հատուկ հիշատակման արժանացավ Արեգ Ազատյանի «Աշխարհը մերն ա» (ԱՄՆ/Հայաստան) ֆիլմը։

Գոռ Առուշանյանի ֆիլմը նաև արժանացավ Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին։

FIPRESCI-ի մրցանակը տրվեց Մորադ Մոստաֆայի «Այշան չի կարող թռչել հեռանալ» (Եգիպտոս/Սուդան/Թունիս/Սաուդյան Արաբիա/Կատար/Ֆրանսիա/Գերմանիա) ֆիլմին։

Տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակի արժանացավ Սեպիդե Ֆարսիի «Սիրտդ ձեռքդ առ ու քայլիր» (Ֆրանսիա/Պաղեստին) ֆիլմը, «Արծաթե ծիրան» ստացավ Սայիդ Նուրիի «Թեհրան․ անավարտ պատմություն» (Իրան) ֆիլմը, հատուկ հիշատակման արժանացավ Զարդաշտ Ահմեդի «Տիգրիս գետի առյուծները» (Նորվեգիա/Նիդերլանդներ) կինոնկարը։

Մրցանակները հանձնեց հետհեղափոխական իրանական կինոյի առաջամարտիկ, «Երկրորդ ալիքի» ներկայացուցիչ Ամիր Նադերին, որը 22-րդ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրն է և Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահը։ «Երեսուն տարի չեմ եղել Իրանում։ Երբ եկա Երևան, զգացի իմ հայրենիքի բույրն ուտեստներից, այգիներից, ժողովրդից։ Այդ ամենը սիրտս շոյեց։ Շնորհակալ եմ, որ փառատոնի բացմանն ինձ «Փարաջանովյան թալեր» հանձնեցիք, շնորհակալ եմ Հարություն Խաչատրյանին ու բոլոր նրանց, ովքեր կայացնում են «Ոսկե ծիրան»-ը»,-ասաց նա և խոստովանեց՝ ժյուրի լինելը մեծ պատասխանատվություն է։ Դիտել են տասը ֆիլմ, որոնք լավն են եղել, թարմ ու ժամանակակից։ Նադերին շեշտեց՝ ընտրել են երեք ֆիլմ, սակայն իրեն տպավորել են բոլոր կինոնկարները։

Փառատոնի հատուկ՝ «Փարաջանովյան թալեր» մրցանակը կինոյում ունեցած վաստակի համար հանձնվեց ժյուրիի նախագահ, Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոյին։

 Մրցանակը ստանալիս Սիսակոն հիշեցրեց, որ կրթություն է ստացել Մոսկվայում, երբ դեռ 18 տարեկան էր։ Նա շեշտեց՝ շատ շնորհակալ է իր բոլոր ուսուցիչներին։ «Տասը տարի ապրել եմ Ռուսաստանում։ Դրանք ինձ համար հրաշալի տարիներ էին, քանի որ սիրահարվել եմ և ոչ մեկ անգամ։ Մոսկվան ու իմ կրթությունն ինձ շատ բան են տվել»,-ընդգծեց նա և հավելեց՝ ուրախ է, որ իրեն հավատացել են, իր շնորհը նկատել են, իսկ «Փարաջանովյան թալեր»-ի արժանանալը մեծ նշանակություն ունի իր համար, քանի որ այն ստանում է Երևանում, որը հրաշալի քաղաք է, հրաշալի մարդիկ են, որոնք հյուրընկալ են, սրտաբաց։

Սիսակոն ասաց՝ իրեն թվում է, թե Սերգեյ Փարաջանովն է իրեն մրցանակ հանձնում, որին նա մեծանուն ռեժիսոր է համարում։

Փառատոնի մեկ այլ հատուկ «Վարպետ» մրցանակը հանձնվեց հունական նոր ալիքի համահիմնադիր, Յորգոս Լանթիմոսի վաղ շրջանի համահեղինակ, նշանավոր Աթենբերգ ֆիլմի ռեժիսոր, փառատոնի ժյուրիի անդամ Աթինա Ռախիլ Ցանգարիին։

Նա խոստովանեց, որ շատ հուզված է, քանի որ մրցանակի է արժանանում Հենրիկ Մալյանի, Սերգեյ Փարաջանովի և Արտավազդ Փելեշյանի հայրենիքում։

Փառատոնի հատուկ՝ «Փարաջանովյան թալեր» մրցանակը հանձնվեց նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանին։

Մրցանակը Խաչատրյանին հանձնեցին Աբդերահման Սիսակոն և փառատոնային գործիչ Մարկո Մյուլերը։ Մյուլերը հիշատակեց հայ կինոյի երևելիներին՝ Մալյանին, Դովլաթյանին, Փարաջանովին, Փելեշյանին և այլոց՝ նշելով, որ Հարություն Խաչատրյանը նոր ձայն էր այդ կինոարվեստում, ձայն, որը խոսում էր հայկական համայնքների մասին։ «Նրա միջոցով հասկացանք, թե ինչ է հարևանությունն այս տարածաշրջանում, ծանոթացանք հայկական համայնքին Վրաստանում, որտեղ Հարությունը ծնվել է։ Խաչատրյանի առաջին ֆիլմը, որը տարիներ առաջ մենք առանձնացրինք, կոչվում էր «Մեր թաղի ձայները»։ Նրա ֆիլմերի միջոցով ոչ միայն առերեսվեցինք Հայաստանի պատմությանը, այլև հասկացանք, թե հենց այդ պահին ինչ իրավիճակ է այս երկրում։ Շատ կարևոր է, որ այսօր դիտելու ենք նրա ֆիլմերից մեկը, որը վավերագրության և գեղագիտության համադրություն է»,-շեշտեց Մարկո Մյուլերը։

Մրցանակը ստանալիս Խաչատրյանը նշեց, որ մրցանակի մասին իրեն ոչինչ չէին ասել։ Նա կատակեց՝ սարսափելի է, երբ ծրագրից դուրս իրադարձություններ են տեղի ունենում։ «Շնորհակալ եմ երկու մաեստրոներին, որոնք ոչ միայն գիտեն իմ ազգանունը, այլև դիտել են իմ ֆիլմերը»,-ասաց կինոռեժիսորը։

Մրցանակների հանձնման արարողությունից հետո Հարություն Խաչատրյանը բեմ հրավիրեց «Ոսկե ծիրան»-ի համահիմնադիրներ Միքայել Ստամբոլցյանին, Սուսաննա Հարությունյանին և փառատոնի թիմին՝ ազդարարելով 21-րդ «Ոսկե ծիրան»-ի ավարտը։ 

Կինոփառատոնը եզրափակվեց Հարություն Խաչատրյանի «Վերջին կայարանը» ֆիլմով։

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն անցկացվեց հուլիսի 13-20-ը։ Փառատոնին ցուցադրվեց հարյուրից ավելի ֆիլմ, որոնցից շատերը մրցանակների են արժանացել Կաննի, Բեռլինի, Լոկառնոյի և այլ հեղինակավոր կինոփառատոններում։ Պատվավոր հյուրերից էին Ամիր Նադերին, Ջաֆար Փանահին, Մարկո Մյուլերը, Ադա Սոլոմոնն ու Աթինա Ռախիլ Ցանգարին, Աբդերահման Սիսակոն և այլք։  

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031