Ստամբուլի քաղաքապետը դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման

Ստամբուլի դատարանը դատավճիռ է կայացրել քաղաքի ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ, որը մեղադրվել է տեղի դատախազին վիրավորելու գործով։ Նա դատապարտվել է 1 տարի 8 ամիս ազատազրկման, դատարանի դահլիճից հայտնել է Habertürk հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ դատարանի վճռի դեմ բողոքարկում կներկայացվի։

Habertürk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ դատարանի որոշումը չի նախատեսում քաղաքական գործունեության արգելք, ինչը պնդել է մեղադրող կողմը։

Իմամօղլուի գործով դատական լսումները տեղի են ունենում Ստամբուլի Սիլիվրի բանտում։ Նա այնտեղ պահվում է դեռևս մարտ ամսից՝ կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվելուց հետո։ Դատական նիստին մասնակցել են Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը, որն աջակցում է Իմամօղլուին և քաղաքապետի փաստաբանները։

Իմամօղլուի գործը հարուցվել է հունվարի վերջին՝ Ստամբուլի դատախազ Աքըն Գյուրլեքի հասցեին նրա կտրուկ արտահայտություններից հետո, որոնք դատախազությունը պաշտոնյային վիրավորանք է համարել։ Ստամբուլի դատախազությունը նրա համար պահանջել էր մինչև 7 տարի 4 ամիս ազատազրկում և քաղաքական գործունեության արգելք։

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով առաջին անգամ պաշտոնում ընտրվել է 2019 թվականին, ձերբակալվել է մարտի 19-ին՝ կոռուպցիայի և ահաբեկիչների հետ կապերի մեղադրանքով և կալանավորվել մարտի 23-ին։ Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո Թուրքիայում ընդդիմության կազմակերպած բողոքի ցույցերի ալիք է բարձրացել։ Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ), որն աջակցում է Իմամօղլուին՝ երկրի տարբեր շրջաններում պարբերաբար հանրահավաքներ է անցկացնում նրա պաշտպանության համար, ինչպես նաև ստորագրահավաք է կազմակերպում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու և Իմամօղլուին՝ որպես ընդդիմության նախագահի թեկնածուի դերում աջակցելու համար։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031