Աբու Դաբիից գոհ եմ, դրական եմ գնահատում հանդիպումը, բայց ես չեմ ուզի՝ Աբու Դաբին դարձնենք ֆետիշ կամ նսեմացնենք։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հետ 5 ժամից ավել տեւած հանդիպմանը։
«Ես այսօր մտածում էի, որ Աբու Դաբին առաջին դեպքն էր, որ երկու կողմերը նախապես իրար հետ քննարկել են, որոշել են, որ ինչ–որ մի տեղ հանդիպելու են եւ խոսելու են։
Տիրանայում էլ մենք խոսել ենք, դա ներկայացվում էր որպես նեգատիվ, բայց ես եմ նախաձեռնել այդ խոսակցությունը։ Պարզվել է, որ կա հետաքրքրություն ավելի երկար խոսելու, ես էլ ասել եմ՝ դե եկեք պայմանավորվենք, պայմանավորվել ենք, հանդիպել ենք»,–ասաց նա։
Հարցին՝ ո՞վ է որոշել, որ հենց Աբու Դաբիում լինի հանդիպումը, ինչու Աբու Դաբիում, նա պատասխանեց. «Նախորդիվ եւ հեռախոսազրույցի ընթացքում եւ հատուկ այդ հարցով ԱՄԷ նախագահի բանագնաց էր եկել ու ԱՄԷ նախագահի ուղերձն էր բերել, որ եթե ունենաք հարթակի կարիք, մենք առանց միջնորդական դերի հավակնության ամենինչ կկազմակերպենք։ Ես ուզում եմ ԱՄԷ նախագահին շնորհակալություն հայտնել մեզ աջակցելու համար։
Աբու Դաբիում դրական խոսակցություն է եղել, որը կարող է ունենալ դրական արդյունքներ։ Ի՞նչ արդյունքներ. ես դրա մասին հիմա խոսելը ճիշտ չեմ համարում։ Եթե լինի դրական արդյունքներ, կտեսնեք, եթե չի լինելու, ինչի՞ հիմա ասեմ։ Այնպես չի, որ հստակ բան ենք պայմանավորվել, եղել են գաղափարներ։ Պարզվել է, որ այդ գաղափարների մեջ կան մի քանիսը, որին կողմերը դրական են վերաբերում։ Հիմա կողմերը կարող է 5 օրից մտածեն, որ դրանք էնքան էլ դրական չեն, կամ մտածեն, որ ավելի դրական դառնա վերաբերմունքը։ Այնպես չի, որ երկաթյա պայմանավորվածություն է եղել, որոշակի ըմբռնում է եղել։
Ես հույս ունեմ, որ մենք այս ֆորմատով կշարունակենք մեր խոսակցությունը Աբու Դաբիում, որեւէ այլ տեղ»