Եվրամիությունը սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին՝ Վաշինգտոնի խոշորագույն առևտրային և ներդրումային գործընկերոջ նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու ծրագրերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Մի քանի ամիս տևած բարդ բանակցություններից հետո Բրյուսելն ընդունում է, որ լայնածավալ առևտրային համաձայնագրի, որը կնախատեսեր արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի փոխադարձ զրոյացում, հասնել չի հաջողվել։ Այժմ Եվրամիությունն ակնկալում է գոնե միջանկյալ գործարք, բայց մտավախություն ունի, որ ԱՄՆ-ն կարող է գնալ սակագնային պատերազմի հետագա ընդլայնման։
Գերմանիան շտապեցնում է, Ֆրանսիան կոչ է անում չզիջել
ԵՄ ներսում կարծիքները բաժանվել են. Գերմանիան պնդում է շուտափույթ համաձայնության հասնել՝ իր արդյունաբերությունը պաշտպանելու համար, մինչդեռ Ֆրանսիան և մի շարք այլ երկրներ զգուշացնում են, որ չի կարելի Վաշինգտոնին միակողմանի զիջումների գնալ։
«Պետք է բյուրեղապակյա գունդ ունենալ՝ հասկանալու համար, թե ինչ են ուզում ԱՄՆ-ում», – անանուն մնալու պայմանով խոստովանել է եվրոպացի մի դիվանագետ։ Մեկ այլ աղբյուր նշել է, որ կողմերը մոտ են պայմանավորվածությանը, սակայն անհնար է կանխատեսել՝ արդյոք Թրամփը նոր մաքսատուրքեր կսահմանի։
Թրամփն ընդլայնում է մաքսատուրքերը դաշնակիցների վրա
ԱՄՆ նախագահը վերջին օրերին նոր մաքսատուրքեր է հայտարարել մի քանի երկրների, այդ թվում՝ դաշնակիցներ Ճապոնիայի և Հարավային Կորեայի համար։ Այսպես, պղնձի մաքսատուրքը կկազմի 50%, իսկ Կանադայի դեպքում այն կհասնի 35%-ի։
«Սա քաղաքականություն է Truth Social-ի միջոցով», – հեգնել է եվրոպացի լոբբիստներից մեկը՝ ակնարկելով Թրամփի որոշումների անկանխատեսելիությունն ու սեփական սոցցանցում նրա ակտիվությունը։
Շուկաները լարված են
Եվրոպական ֆոնդային շուկաներն անկում են ապրել՝ ԵՄ-ի համար մաքսատուրքերի մասին լուրերի սպասումով։ «Բոլորը հույս ունեին ավելի շահավետ գործարքի, բայց այժմ մտավախություն կա, որ արդյունքը կարող է ավելի վատը լինել», – ասել է CMC Markets-ի շուկայի գլխավոր վերլուծաբան Յոխեն Շտանցլը։
Ըստ նրա, գերմանական DAX ինդեքսի աճը փոխզիջման հույս է արտահայտում, սակայն շաբաթներ տևած բանակցություններից հետո Կանադայի դեմ սահմանված նոր մաքսատուրքերը կասկածի տակ են դնում, որ ԵՄ-ին կհաջողվի խուսափել նմանատիպ սցենարից։
Թրամփ. «ԵՄ-ն ստեղծվել է ԱՄՆ-ին խաբելու համար»
Թրամփը բազմիցս քննադատել է Եվրոպային։ Փետրվարին նա հայտարարել էր, որ ԵՄ-ն «ստեղծվել է ԱՄՆ-ին խաբելու համար» և դժգոհել էր ապրանքաշրջանառության մեծ դեֆիցիտից, որը 2024 թվականին կազմել է 235 միլիարդ դոլար։
Միևնույն ժամանակ, ԵՄ-ում հիշեցնում են, որ ծառայությունների ոլորտում ամերիկյան հավելուրդը մասամբ հավասարակշռում է այս հաշվեկշիռը։
«Եթե սա վերաճի 2018 թվականի ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմին նման մի բանի, շուկաներին լուրջ ցնցումներ են սպասվում», – նշել է Commonwealth Bank of Australia-ի տնտեսագետ Ջոզեֆ Կապուրսոն։
Ինքը՝ Թրամփը, NBC-ին տված վերջին հարցազրույցում հաստատել է, որ այն երկրները, որոնք դեռ «նամակներ» չեն ստացել մաքսատուրքերի մասին, ամենայն հավանականությամբ, նույնպես կբախվեն դրանց հետ։ «Բոլորը չէ, որ պետք է նամակ ստանան։ Մենք պարզապես սահմանում ենք մեր մաքսատուրքերը», – հայտարարել է նա։