Կոլումբիայի համալսարանի ուսանողը Թրամփի վարչակազմի դեմ 20 մլն դոլարի հայց է ներկայացրել ապօրինի ձերբակալման համար

Կոլումբիայի համալսարանի ուսանող և ամերիկյան համալսարանական շրջաններում պաղեստինամետ ցույցերի առաջնորդներից մեկը՝ Մահմուդ Խալիլը, 20 միլիոն դոլարի հայց է ներկայացրել Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ պնդելով, որ իրեն անօրինական կերպով ձերբակալել և զրկել են ազատությունից։

Խալիլը, որն ԱՄՆ-ում օրինական մշտական բնակչի կարգավիճակ ունի, ձերբակալվել է մարտին այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը խոստացել էր արտաքսել օտարերկրացի ուսանողներին, որոնք մասնակցել են Գազայում Իսրայելի պատերազմի դեմ բողոքի ակցիաներին։ Ընդհանուր առմամբ ուսանողը երեք ամիս է անցկացրել Լուիզիանայի ներգաղթի կենտրոնում, նախքան հունիսին դատարանի որոշմամբ գրավի դիմաց ազատ արձակվելը։

«Հուսով եմ, որ այս հայցը զսպող գործոն կդառնա վարչակազմի համար», — Reuters-ին ասել է Խալիլը։ — «Թրամփը հստակ հասկացրել է, որ հասկանում է միայն փողի լեզուն»։

Ակտիվիստի ազատ արձակվելուց հետո նրան Նյու Յորքում դիմավորել է դեմոկրատ կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը, որն աջակցել է նրա գործին։

Ի՞նչ է պահանջում Խալիլը

Ըստ հայցի, որը պատրաստվել է Սահմանադրական իրավունքների կենտրոնի աջակցությամբ, Խալիլը դարձել է «չարամիտ դատական հետապնդման, կեղծ ձերբակալության, անօրինական ազատազրկման և դիտավորությամբ բարոյական վնաս պատճառելու» զոհ։

Կենտրոնում հայտարարում են, որ Թրամփի վարչակազմն անօրինական կերպով է ձերբակալել Խալիլին և ծրագրել է նրա արտաքսումը, «որպեսզի վախեցնի իրեն և իր ընտանիքին»։ Փաստաբանների վկայությամբ, ուսանողը դեռևս բախվում է լուրջ հուզական ապրումների, տնտեսական կորուստների և իր հեղինակության ու սահմանադրական իրավունքների համար սպառնալիքի։

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունում հայցը «աբսուրդ» են անվանել և Խալիլին մեղադրել «ատելության վարքագծի և հռետորաբանության» մեջ, որոնք իբր սպառնացել են հրեա ուսանողներին։

Ինչո՞ւ են նրան ձերբակալել

Խալիլն ակտիվ մասնակցություն է ունեցել Գազայում Իսրայելի ռազմական գործողության դեմ ուսանողական բողոքի ակցիաներին։ Սպիտակ տունը պնդում էր, որ նա սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգությանը և իր ելույթներում «հակասեմական գործունեություն» է ծավալում։

Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ ուսանողի արտաքսումն արդարացված է «ԱՄՆ արտաքին քաղաքականության համար պոտենցիալ լուրջ բացասական հետևանքների» պատճառով, եթե նա մնա երկրում։

Ի՞նչ է ասում ինքը՝ Խալիլը

Սիրիայում ծնված և Ալժիրի քաղաքացիություն ունեցող Խալիլն ընդգծել է, որ ներկայացված հայցը «պատասխանատվության ենթարկելու առաջին քայլն է»։

«Ոչինչ հետ չի բերի ինձնից գողացված այդ 104 օրերը։ Վնասվածքը, կնոջիցս բաժանումը, իմ առաջնեկի ծնունդը, որին ես ներկա չէի», — ասել է նա։ — «Պետք է պատասխանատվություն լինի քաղաքական հաշվեհարդարի և իշխանության չարաշահման համար»։

Ընդ որում, նա հավելել է, որ դրամական փոխհատուցման փոխարեն պատրաստ է ընդունել պաշտոնական ներողություն և պաղեստինամետ ակտիվիստների հետապնդումը դադարեցնելու խոստում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031