Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը անդրադարձել է «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում» վերնագրով համացանցում տարածված հոդվածին՝ ընդգծելով, որ այն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։
նախարարության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
«Մամուլում տարածված «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում» վերնագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը»։
Նախարարությունը կոչ է արել բոլորին՝ զերծ մնալ չստուգված ու անհայտ աղբյուրներից տարածվող տեղեկատվության հանրայնացումից և պատասխանատվությամբ մոտենալ հրապարակվող նյութերի հավաստիությանը։
Այս ապատեղեկատվության տարածմանն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հիբրիդային պատերազմ, բան՝ ամեն ինչ հասկացանք։ Բայց եթե որևէ մեկը լրջորեն պետք է հարցնի, թե ճի՞շտ է, որ «Դիլիջան» ազգային պարկում ուրանի թափոններ ենք պահում, այդ հարցնողը կամ ավանակ է, կամ գործակալ, կամ էլ այդ ֆեյք լրատվամիջոցը ստեղծած ռոբասերժիկի ընտանիքի անդամ»,-գրել է վարչապետը։
Նշենք, որ ավելի վաղ մի շարք հայկական լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել, թե իբր ֆրանսիական Courrier France 24 պարբերականի հոդվածի համաձայն՝ «ֆրանսիական պետական միջուկային Orano ընկերությունը գաղտնի կերպով սկսել է օգտագործված միջուկային վառելիք տեղափոխել Հայաստան»: