Ես երբեք չեմ թաքնվել, հիմա էլ չեմ պատրաստվում թաքնվելու։ Այս մասին, այսօր՝ հունիսի 27–ին, Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնոևրդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Չեմ ուզում իմ եղբյարների թիկունքում թաքնված լինելու տպավորություն ստեղծել, ոչ էլ որեւէ մեկի հետեւում թաքնվում եմ։ Եկել են իմ հետեւից՝ ես կգնամ։ Առավել եւս կբարձրաձայնեմ, որ տեղի ունեցողն ապօրինություն է։ Ես սպառնալիք չեմ էս երկրի համար, հիմնական սպառնալիքը կառավարությունում է նստած։ Ես էս երկրի համար սպառնալիք չեմ եղել, չեմ եւ րեմ լինի, բայց էն մարդիկ, որոնք էդ խելագարի կամքը կատարում եմ, սպառնում են բռնությամբ, ես գնում եմ իրենց հետ, և հոգեւորականները կհետերեն ինձ»,–ասաց նա։
Նշենք, որ բազմաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներ քիչ առաջ մտել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարան։ Նրանք եկել են ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Քիչ առաջ փաստաբան Արա Զոհրաբյանը Շիրակի թեմի առաջնորդարանի դիմաց ընթերցել է Քննչական կոմիտե քննիչի որոշումը՝ ձերբակալելու Միքայել Սրբազանին։ Նա ընդգծեց, որ որպես առիթ նշված է 2024 թվականի փետրվարի 3–ին տված հարցազրույցի ժամանակ Միքայել Սրբազանի խոսքերը, իբրև իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել։ Արա Զոհրաբյանը նշեց, որ ՔԿ-ն միջնորդելու է, որ կալանավորեն Սրբազան հորը։
Նշենք, որ այսօր առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։
«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»,–հայտնել էին գլխավոր դատախազությունից։