Բոլորին 24 ժամվա ռեժիմով են ձերբակալել, կարծում եմ՝ գիշերը կալանքի հարցը կորոշվի. փաստաբան

Բոլորը ձերբակալված են ոչ թե 72, այլ 24 ժամվա ռեժիմով, հավանաբար այսօր երեկոյան ենթադրում եմ՝ պետք է արդեն դատարաններ մուտք անեն։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25–ին, լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Դատարաններն էլ պետք է նշանակեն կոնկրետ դատավորներին, մեզ նյութերը տան մենք ծանոթանանք, կարողանանք պաշտպանություն իրականացնել։ Ենթադրում եմ գիշերը լինելու է բավական ծանրաբեռնված բոլոր այն պաշտպանների համար, որոնք ներգրավվում են»,–ասաց նա։

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ մաև եկեղեցուն փորձեն ներքաշել այս գործընթացի մեջ, Մելիքյանը պատասխանեց. «Աննախադեպ բան է տեղի ունեցել, ձերբակալված է Հայ առաքելական Սուրբ եկեղեցու այդքան բարձր նվիրապետ։ Նման բան տեղի ունեցած չի եղել մինչև այս։ Երևի 30-ականներից այն կողմ նման բան տեղի չի ունեցել, բայց բոլորս էլ գիտենք, որ Բագրատ Սրբազանը ինքնուրույն գործունեություն է իրականացնում և եկեղեցուն այս գործի հետ կապելը անգամ քննչական հրապարակված տեղեկություններից չի բխում»։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումներին, փաստաբանն ասաց. «Այդ մարդու հայտարարությունները, հատկապես երեկվա խուլիգանական ձևակերպումից հետո, ինչ-որ օրգաններ, ինչ-որ մարդկանց ցույց տալու մասին, ես ընդհանրապես չեմ ուզում որևէ կերպ մեկնաբանել։ Նա միայն կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը անգամ իրենց կողմից հրապարակված տեղեկությունների հետ ոչ մի կապ չունեցող տվյալներ է ներկայացնում և իր քաղաքական նպատակներով, իր ազգակիցների, ես կարծում եմ, նա քաղաքական հայ չէ, նա քաղաքական ադրբեջանցի է, քաղաքական ադրբեջանցիներին ի շահ, մեր եկեղեցին նսեմացնելու, մեր եկեղեցին գրավելու, ուղղությամբ է նաև ուզում օգտագործել այս ակնհայտ քաղաքական հետապնդումը»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացրել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում, ապա ձերբակալել Բագրատ Սրբազանին։

Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնել են, որ առավոտյան ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։

Խուզարկել են նաեւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի տունը։ Նրա կնոջը եւս ձերբակալել են։

Քննչական կոմիտե էլ հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ: ՔԿ–ն նաեւ մի շարք ձայնագրություններ է հրապարակել։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30