Իրանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին հարվածելով բացել է Պանդորայի արկղը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնի այս գործողությունները անպատասխանատու և սադրիչ են, դրանք հսկայական հարված են հասցնում միջազգային միջուկային չտարածման ռեժիմին և աշխարհը մոտեցնում միջուկային աղետի։
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանը խստորեն դատապարտում է Միացյալ Նահանգների անպատասխանատու, վտանգավոր և սադրիչ գործողություններն Իրանի դեմ։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները պատրաստ է կատարել ցանկացած հանցագործություն և խախտել միջազգային իրավունքը՝ իր գերիշխանությունը պահպանելու համար։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ անդամ պետություններ չունեն համարձակություն դատապարտելու Միացյալ Նահանգների գործողությունները», — ասել է Նեբեզնյան։
Ռուսաստանի մշտական ներկայացուցչի խոսքերով՝ Իրանն ունի խաղաղ միջուկային ծրագիր մշակելու բոլոր իրավունքները։ Նա ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի, Չինաստանի և Պակիստանի համատեղ բանաձևի նախագիծը արտացոլում է Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնության դիրքորոշումը՝ չնայած Արևմուտքի ճնշմանը։
Նեբենզյայի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային ենթակառուցվածքներին ուղղված հարվածները բացում են Մերձավոր Արևելքում հակամարտության լայնածավալ սրման ճանապարհը՝ անկանխատեսելի հետևանքներով։