Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ուսուցչական 4-րդ համաժողովը՝ «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Համաժողովի նպատակն է արձանագրել հանրակրթության ոլորտում իրականացվող մեծածավալ բարեփոխումների ընթացքը, միավորել ուսուցչական համայնքի ներուժը, կիսվել ոլորտի նորարարություններով:
Ողջունելով ուսուցչական համաժողովի մասնակիցներին՝Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել մասնակցության, ինչպես նաև կրթության ոլորտում անհրաժեշտ փոփոխությունների և դրանցում ուսուցչի դերակատարության վերաբերյալ քննարկումների պատրաստակամության համար:
«Որոշ մարտահրավերների գիտենք՝ ինչպես արձագանքել, որոշների պարագայում, ինչպես օրինակ՝ արհեստական բանականության, դեռևս պարզ չէ՝ ինչպես արդյունավետ արձագանքել, և ինչպես պետք է փոխվի կրթությունն արհեստական բանականության գործիքների կիրառության պարագայում: Ընդ որում՝ մենք արդեն իսկ ունենք սովորողներ, որոնք այդ գործիքները կիրառում են: Պետք է հասկանանք, թե ինչպիսին պետք է լինի դպրոցի և ուսուցչի դերը՝ հաշվի առնելով այդ փոփոխությունները: Ստեղծագործական միտքն ու հարցերի բաց քննարկումը շատ կարևոր են լուծումներ գտնելու ճանապարհին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարն այս համատեքստում երեք կարևոր շեշտադրում է արել: Առաջինը վերաբերել է պաշտպանական և անվտանգային հարցերին:
«Կրթությունն է, որ կարող է տալ շատ հարցերի պատասխանը և էապես բաձրացնել երկրի անվտանգային մակարդակը՝ առաջին հերթին մրցունակ քաղաքացիներով: Մարդկանցով, որոնք գիտեն, թե ինչպես վարվել տարբեր իրավիճակներում, ճկուն են, ստեղծագործ և ունեն անհրաժեշտ գիտելիքներ ու կարողություններ՝ բարդ իրավիճակներում լուծումներ գտնելու: Մրցունակ և պատրաստված քաղաքացի ձևավորելը կրթական համակարգի առաջնային խնդիրն է : Բայց պետք է նաև հասկանանք, որ դպրոցներն իրենք պաշտպանության կարիք ունեն: Այդ պաշտպնությունն առաջին հերթին հանրային խոսույթում կրթության համակարգի հանդեպ նրբանկատությունն է, որի ձևավորումը նաև ջանք է պահանջում: Կրթական համակարգի մասին հանրային խոսույթը պետք է նպաստի խնդիրների լուծմանը՝ առանց նսեմացնելու համակարգում աշխատող մարդկանց և այն ահռելի աշխատանքը, որ արվում է»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարն առանձնահատուկ շեշտել է նաև ուսուցիչների պաշտպանության խնդիրը. «Տևական ժամանակ մտածել ենք, որ մեր ուսուցիչների և մանկավարժների նկատմամբ ունենք ավանդական հարգանք և հեղինակության ընկալում: Այո, հարգանքը վաստակում են, բայց ուսուցիչների հանդեպ նկատվող միջադեպերը, որոնք առաջին հերթին անվտանգ և ապահով միջավայրի հարցն են բարձրացնում, շատ մտահոգիչ են և պահանջում են համատեղ և միասնական աշխատանք: Կարիք ունենք փոխելու ծնողների հետ աշխատանքի մեթոդները: Պետք է հասկանալ, թե կրթության կազմակերպման գործընթացում ինչպես պետք է ընդգրկել ծնողներին, որպեսզի այդ աշխատանքից շահի առաջին հերթին երեխան, շահի կրթությունը, և ոչ թե ունենանք իրավիճակ, երբ ծնողների մասնակցությունը վերածվում է կոնֆլիկտի»:
Նախարարն ընդգծել է՝ պետք է ապահովվեն օրենսդրական և ինտիտուցիոնալ բոլոր լծակները, որպեսզի ուսուցիչները դպրոցներում լինեն պաշտպանված:
«Եթե ուզում ենք դպրոցում ունենալ ուսուցիչներ, որոնք կարողանում են որակյալ կրթություն ապահովել, ապա պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ուսուցիչն իրեն լավ զգա դպրոցում: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ուսուցիչների համար դպրոցը դառնա հաճելի, ապահով և սիրված աշխատանքային միջավայր»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Նախարարի մյուս կարևոր շեշտադրումը վերաբերել է երեխաների պաշտպանության խնդրին: Նա ընդգծել է՝ խնդիրները ոչ թե անհատական են, այլ համակարգային: «Պաշտպանությունն առաջին հերթին երեխաներին պատրաստվածությունն է՝ խթանելով նրանց ինքնուրույնությունը, ստեղծագործականությունը և նախաձեռնողականությունը: Պետք է բավարար իմաստուն և նրբանակատ լինել և կարողանալ նրանց ուղղորդել՝ առանց ճնշելու, աջակցել՝ առանց վնասելու, հետևել՝ առանց ազատությունը սահմանափակելու: Սա է կրթական համակարգի դերը: Դպրոցական կյանքը չի ավարտվում միայն դասարաններում, և մեր աշխատանքն էլ պետք է չավարտվի դասասենյակում»,- ասել է նախարարը։