Բագրատ Գալստանյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին

«Իրենք խուլիգան են, փողոցային են և այնտեղ էլ մնացել են», — 168․am-ի եթերում հայտարարեց անցյալ տարի վարչապետի հրաժարականի պահանջով շարժում սկսած Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցուն ուղղված վիրավորական ու քննադատական գրառումների շարքին։

«Ես դեռ տարիներ առաջ էր, երբ ասացի, որ «սրանք փողոցից տուն չեկան և չեն պատկերացնում իրենք ովքեր են, ինչ պաշտոններ ունեն, ինչպիսի վարքագիծ, կենցաղավարություն պետք է ունենան», դա մնացել է, ոչ մի բան չի փոխվել»․ — նշեց Գալստանյանը։

Ընդգծելով, որ եկեղեցու նկատմամբ թե՛ վերաբերմունքը, թե՛ հարձակումը նոր չեն՝ վարչապետի հեռացման դեմ բողոքի ակցիաներ նախաձեռնած հոգևորականը նկատեց՝ զարհուրելի է կրթվելը նորձև համարող երկրի ղեկավարի և նրա տիկնոջ արտահայտությունների կերպը, որ այսօր այսպիսի օրինակ են ծառայում։

«Իրենց վարքագիծը պետք է լինի ամենաօրինակելին, ամենաբարձրը։ Թիրախ դարձնել եկեղեցին, դա նշանակում է ուղղակիորեն այլևս սպառվել են բոլոր հնարավոր տարբերակներով իրենց համակիրների քիմքին հաճելի լինելու հանգամանքը և նաև փորձում են այս ճանապարհով հասնելու դրան։ Ես ուրիշ մեկնաբանություն չեմ կարող տալ, միշտ ասել եմ՝ իրենք խուլիգան են, փողոցային են և այնտեղ էլ մնացել են», — ասաց հոգևորականը։

Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտից եկեղեցուն ուղղված վիրավորական ու քննադատական գրառումների շարք է սկսել։ Նախօրեին էլ կառավարության նիստից հետո գործադիրի ղեկավարը չուլանի հետ է համեմատել եկեղեցիները։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն առայժմ չի արձագանքել վարչապետի այս հայտարարություններին։

Մայր Աթոռ-իշխանություն հակամարտությունն ավելի քան 4 տարվա պատմություն ունի՝ 44-օրյա պատերազմի ավարտից մեկ ամիս անց Ամենայն Հայոց կաթողիկոսը վարչապետին հորդորեց հեռանալ, և սկսվեց՝ «ոչ հոգատար, կործանարար իշխանություն» ու «կոռումպացված, Աստծուն չհավատացող հոգևորականներ» փոխհրաձգությունը։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30