Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը կառավարության որոշմամբ, տեղեկանում ենք Egov.am-ից:
Ապրիլին դատավորի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել Վահե Գրիգորյանը:
Արտակ Զեյնալյանը միջազգային իրավունքի մասնագետ է, 2018-2019թթ. զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը, ավելի վաղ ԱԺ պատգամավոր է եղել։ Նա նաև ՄԻԵԴ-ում գերիների շահերն է ներկայացնում։
Զեյնալյանը Երևանի ավագանու անդամ է «Հանրապետություն» խմբակցությունից, նաև «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը նախաձեռնած խմբի՝ «Եվրաքվե»-ի ներկայացուցիչ:
ՀՀ օրենքով Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Բացի այդ բարձր դատարանի դատավորին արգելված է լինել կուսակցական, հետևաբար նա չի կարող նաև կուսակցության անունից ելույթներ ունենալ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։
ՍԴ դատավորը հրապարակային ելույթներում և ցանկացած այլ հանգամանքում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն: