Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։ Այն վարել է Ղրղզստանի պաշտպանության նախարար Ռուսլան Մուկամբետովը:
Հանդիպման ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ ուղղված հավաքական անվտանգության ոլորտում ՀԱՊԿ անդամ երկրների համագործակցության ամրապնդմանը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը ներկաներին տեղեկացրել է քննարկման ներկայացված վեց փաստաթղթերի նախագծերի պատրաստակամության մասին։ Նրանք, բացառությամբ մեկի, անցել են ներքին պետական հաստատման ընթացակարգ։
Հիմնական որոշումների թվում են՝
ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական համագործակցության զարգացման պլանը 2026-2030 թթ.
Փոփոխություններ Հավաքական անվտանգության խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 15-ի որոշման մեջ, որը վերաբերում է ՀԱՊԿ զորքերի և հավաքական ուժերի կառավարմանը.
Հավաքական անվտանգության համակարգի հրամանատարական մարմինների և կազմավորումների համատեղ ուսուցման պլան 2026թ.
«ՀԱՊԿ, ԱՊՀ և ՇՀԿ համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզի մասին» փաստաթղթի նախագիծը հանվել է օրակարգից, քանի որ այն հավանության չի արժանացել բոլոր մասնակից երկրների կողմից։ Ըստ Թասմաղամբետովի՝ դրա վրա աշխատանքները կշարունակվեն սահմանված կարգով։
«Ըստ ընթացակարգի՝ փաստաթղթերը, որոնք ներպետական հաստատման չեն ենթարկվել, չեն ներկայացվում պաշտպանության նախարարների խորհրդի քննարկմանը։ Այդ կապակցությամբ առաջարկվում է ստորագրել միայն համաձայնեցված նյութերը»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Հանդիպմանը մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պաշտպանության նախարարները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը: